Մեր երկրում հասարակության առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը վարկն է: Շատ քչերն են, որ երբեք չեն բախվել վարկային խնդիրների, որոնք հիմնականում պայմանավորված են բարձր տոկոսադրույքներով: Ոլորտում առկա խնդիրների մասին araratnews.am-ը զրուցեց տնտեսագետ, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի հետ:
Բարձր տոկոսադրույքներ
Տնտեսագետի խոսքով՝ բարձր տոկոսադրույքների պատճառը թանկ փողի քաղաքականությունն է. «Մինչև վերջերս մեզ մոտ վարվել է թանկ փողի քաղաքականություն, և միայն վերջին մեկ տարվա ընթացքում է այդ քաղաքականությունը փոխվել: Այսինքն` Կենտրոնական բանկը սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույք, իսկ մասնավոր բանկերն էլ դրան ավելացնում են որոշակի տոկոսաչափ և ձևավորում իրենց վարկային տոկոսադրույքները: Տասնամյակներ շարունակ եղել է թանկ փողի քաղաքականությունը՝ վկայակոչելով ռիսկերը, հատկապես գնաճային ռիսկերը, որպեսզի հնարավոր լինի տնտեսությունը պահել ցածր գնաճի տիրույթում: Կենտրոնական բանկն այսպես է հիմնավորել, այդ իսկ պատճառով տոկոսադրույքները եղել են բարձր: Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Նախ Կենտրոնական բանկը կտրուկ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4 տոկոսով և դա պետք էր որոշակի անդրադառնար վարկային տոկոսադրույքների վրա: Առայժմ այդ ազդեցությունն այդքան մեծ չէ, բայց կարծում եմ՝ առաջիկայում որոշակիորեն կտրանսֆորմացվի արդեն հարաբերականորեն ցածր տոկոսադրույքների»:
Տոկոսադրույքները՝ մյուս երկրների համեմատությամբ
Ա.Մարգարյանի հավաստմամբ՝ մեզանում վարկային տոկոսադրույքները զարգացած եվրոպական երկրների համեմատությամբ շատ բարձր են, իսկ ԱՊՀ երկրների համեմատությամբ` համադրելի, քանի որ ԱՊՀ երկրների և Հայաստանի ֆինանսավարկային տնտեսական իրավիճակը գրեթե համանման է:
Անհասկանալի վարկային պայմանագրեր
Վարկային բարդություններից մեկն էլ նախքան պայմանագիր ստորագրելը առաջարկվող պայմաններին մանրամասն չծանոթանալն է: Շատ դեպքերում վարկ վերցնողն անգամ չի էլ հասկանում, թե ինչի տակ է ստորագրում, կարևորը արագ գումարը ստանալն է: Տնտեսագետի կարծիքով՝ այստեղ խնդիրը մեր հասարակության ֆինանսական գրագիտության պակասն է. «Բանկերը, վարկային կազմակերպությունները, վարկատուները, օգտվելով վարկ վերցնողների իրազեկության պակասից, պայմանագրերն այնքան խճճված են գրում, որ ցանկացած վարկային պայմանագիր եթե վերցնեք ու փորձեք կարդալ, խոշորացույց է պետք: Դա այդպես է արված, որպեսզի մարդիկ չկարողանան կարդալ ու հասկանալ: Հաճախ մի քանի էջի հասնող, մանր տառերով գրված այդ պայմանագրերում վարկառուները չեն էլ խորանում, որովհետև իրենց այդ պահին շտապ գումար է պետք, և արդյունքում ընկնում է բանկիրի ճանկը»:
Հարսանեկան կամ վերանորոգման վարկեր. կա՞ վերահսկողություն բանկերի կողմից
Ա. Մարգարյանը նկատում է, որ այս պարագայում վարկատուներն իրենց գումարի տերն են. «Վերահսկողության խնդիրը պետք է կանոնակարգված լինի օրենքով և Կենտրոնական բանկի համապատասխան վերահսկողության գործիքներով: Վարկային կազմակերպությունները ուղղակի իրենց գումարների տերն են: Հարսանիքի, այլ միջոցառումների, վերանորոգման համար վարկերն էկզոտիկ պրոբլեմի է վերածվել: Վարկի բուն ֆունկցիան, որ տրամադրվի բիզնես, եկամուտ ստանալու համար և ոչ սպառողական, ըստ էության լավ օրից չէ»:
Էմմա Հովսեփյան