տուն Քաղաքական Վերլուծական Վարկանշային կազմակերպությունները գնահատում են ֆինանսական հատվածի ռիսկերը

Վարկանշային կազմակերպությունները գնահատում են ֆինանսական հատվածի ռիսկերը

158
0

money_transfer1

Միջազգային վարկանշային կազմակերպությունները որոշակի ռիսկեր են կանխատեսում Հայաստանի ֆինանսական ոլորտի առանձին հատվածներում՝ պայմանավորված ինչպես գործընկեր երկրների տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, այնպես էլ համաշխարհային ապրանքահումքային շուկաներում տեղի ունեցող բացասական դրսեւորումներով։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նախ «Մուդիսը», այնուհետեւ «Ֆիչը» նվազման ուղղությամբ վերանայեցին Հայաստանի արժեթղթերի շուկայի վարկանշային ցուցանիշներ։ Չնայած դրան, նրանք ֆինանսական հատվածի իրավիճակը բավարար են գնահատում։

Միջազգային վարկանշային կազմակերպությունները Հայաստանի ֆինանսական շուկայի վրա արժութային ճնշման մեծացումը կապում են առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության հետ։ Սակայն վերջին շրջանում դրան ավելացել է նաեւ միջազգային շուկայում պղնձի գների նվազման գործոնը։

Արտաքին հատվածից ստացված տարադրամային մուտքերի կրճատման հետեւանքներն արժութային շուկայում սահմանափակելու համար ենթադրվում է, որ Կենտրոնական բանկը ստիպված կլինի օգտագործել արտաքին պահուստները։ Թեեւ դա կհանգեցնի արտաքին պահուստների ծավալների նվազեցմանը, այնուհանդերձ կանխատեսվում է, որ դրանք կմնան սահմանված չափանիշների տիրույթում։ Խոսքը ներմուծման երեքամսյա ծածկույթի ապահովման մասին է։

Արժութային շուկայում տարադրամային պահանջարկի մեծացման դեպքում միջազգային վարկանշային կազմակերպությունները որոշակի բացասական սպասումներ ունեն նաեւ արտաքին պարտքի հետ կապված։ Նրանց կարծիքով, դրամի թուլացումը մեծացնում է պարտքի մարման ճնշումը, քանի որ դրա գերակշիռ մասը արտարժույթով է։

Իրականում ազգային արժույթի արժեզրկումը բացասական գործոն է արտաքին պարտքի համար։ Սակայն դա պետական բյուջեի վրա ազդեցություն չի ունենում։ Ինչպես վարկերի ներգրավման, այնպես էլ պարտքի մարման դեպքում փոխարկումներն իրականացվում են միեւնույն հաշվարկային փոխարժեքով։ Այնպես որ, այդ առումով բյուջեն հիմնականում ոչ միայն չի տուժում, այլեւ նույնիսկ շահում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներգրավվող միջոցները գերազանցում են մարումը։

Որ Հայաստանի ֆինանսական ինստիտուտների վրա առկա է որոշակի ճնշում՝ կապված արտաքին հատվածից ստացվող տարադրամային միջոցների ծավալների կրճատման հետ, միանշանակ է։ Դա ակնհայտ է նաեւ առանց միջազգային վարկանշային կազմակերպությունների գնահատականների։

Թերեւս պատահական չէ, որ մինչ վարկանշային կազմակերպությունները գնահատում են Հայաստանի ֆինանսական հատվածի ռիսկերը, կառավարությունը որոշակի քայլեր է անում դրանց հետեւանքները մեղմելու ուղղությամբ։

 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ