Վառելիքի շուկայում առաջիկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Վառելիքի շուկաներն այլևս արհեստական մենաշնորհներով չեն կառավարվում, արտասահմանյան ընկերությունները հետաքրքրված են, եթե ոչ այսօր, ապա առաջիկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ վառելիքի գնի նվազումը մի շարք հանգամանքների հետ է կապված․ «Վերջին շրջանում նկատվում է վառելիքի գնի նվազեցում, դրա մի մասը պայմանավորված է միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մի մասը պայմանավորված է այն սպասումներով, որ ներկայումս մրցակցությունն ավելի բարձր է, եւ ավելի ազատական են շուկաները»։