տուն Լուրեր Վարչապետին շրջապատող մարդիկ Հայաստանը չեն ճանաչում (տեսանյութ)

Վարչապետին շրջապատող մարդիկ Հայաստանը չեն ճանաչում (տեսանյութ)

106
0

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այսօր  մամուլի  ասուլիսում խոսեցին  գնաճի ու մեր երկրի տնտեսական վիճակի մասին: Վարդան Բոստանջյանն ասաց, որ  գնաճն սպասելի էր, քանի որ  ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո կային  պայմանավորվածություններ, որ  մաքսատուրքի փոփոխություն է  լինելու  2018 թվականից:  «Բացի մաքսատուրքի փոփոխությունից,  գնաճի պատճառներից են ակցիզային դրույքաչափերի մեծացումն ու   տրանսֆերտների ծավալի կրճատումը»,- մանրամասնեց պատգամավորը:

Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ 2018 թվականին  ցցուն հաջողություն  կունենանք Հայաստանում: «Միգուցե հաջորդ տարիներին դրական միտումներ ամրագրենք»,- հույս ունի օրենսդիր մարմնի անդամը:

Ասուլիսի մյուս բանախոս Թաթուլ Մանասերյանի խոսքով էլ  կարևոր է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, սակայն միայն այդ քաղաքականությունը չի կարող զսպել գնաճը, քանի որ մենք ներմուծող երկիր ենք. ապրանքների  1/3-ը ներմուծում ենք: Բացի այդ, եկամուտների աճը շատ հետ է ընկնում գների իրական աճից:

Տնտեսագետի խոսքով՝ ամոթ է, երբ Հայաստանում խոսում են 4,5-5 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին,  մինչդեռ Արցախում այս տարի երկնիշ՝ 17% տնտեսական աճով են փակում:

Մանասերյանի խոսքով՝  Հայաստանից արդեն արտագաղթում են մարդիկ, որոնք  կարող են գոյատեւել, բայց  վաղվա օրը մշուշոտ են տեսնում,  գնում են  մարդիկ, որոնք ունեն  նախազորակոչային տարիքի երեխաներ:

Araratnews.am-ի հարցին՝ Հայաստանն ունի՞ տնտեսական աճի ապահովման ներուժ,  բանախոսը դրական պատասխանեց. «Համոզված եմ, որ Հայաստանն ունի ավելի շատ ներուժ տնտեսական աճը ավելացնելու համար: 4,5-5 տոկոս տնտեսական աճը նվազագույն սահմանը պետք է լինի, բայց սրանով էլ մենք երբեք ոչ թե աշխարհում, այլ տարածաշրջանում մեր տեղը չենք կարող ունենալ: Նման տեմպերով ավելի հետ ենք գնում, ոչ թե առաջ»:

Տնտեսագետի խոսքով՝ պետք է պարտադրել կառավարությանը, որ աշխատի: Վարչապետին շրջապատել են մարդիկ, որոնք Հայաստանն ընդհանրապես չեն ճանաչում, հետևաբար ի՞նչ խորհուրդ կարող են տալ նրան: «Ինձ համար զարմանալի է, որ   այս բյուջեում  ոստիկանության ծախսերն ավելացնում են, կրթության ոլորտի հատկացումները` նվազեցնում:  Կառավարությունը չի նկատում լավագույն կադրերին, որոնց գնահատում են արտասահմանում: Տպավորությունն այն է, որ մենք այլ երկրների համար մասնագետներ պատրաստող երկիր ենք»,- ասաց պրն Մանասերյանը:

Վարդան Բոստանջյանի խոսքով էլ` պետք է դադարեցնել գողությունը, գողերին գնդակահարել կամ ցմահ ազատազրկել, թույլ չտալ կապիտալի արտահոսք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան