տուն Լուրեր Վարչապետի ուղերձը Քյոլնից. Հայաստանը բռնել է տեխնիկական հզոր երկիր դառնալու ճանապարհը

Վարչապետի ուղերձը Քյոլնից. Հայաստանը բռնել է տեխնիկական հզոր երկիր դառնալու ճանապարհը

142
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցը ոչ միայն քաղաքական նշանակություն ուներ, այլ նաև կարևոր էր գիտական առումով: Վարչապետի այցի ընթացքում Քյոլնի տեխնիկական համալսարանն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

Քյոլնի տեխնիկական համալսարանում ՀՀ վարչապետի ելույթը վկայում էր, որ Հայաստանը բռնել է տեխնիկական հզոր երկիր դառնալու ճանապարհը:

«Մենք ցանկանում ենք պահպանել 21-րդ դարի չափանիշները, որպեսզի ընդլայնենք մեր հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանը դառնա բարձրարժեք և գիտելիքահենք ապրանքներ ու ծառայություններ արտադրող և մատուցող երկիր՝ հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալ:

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է «Նաիրիտ-2»-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում:

Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների, դրանց կիրառման, Քյոլնի տեխնիկական համալսարանի հետ կնքված հուշագրի մանրամասների մասին AraratNews.am-ը զրուցեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Գոռ Վարդանյանի հետ:

Պարո՛ն Վարդանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցը կարևոր նշանակություն ունեցավ նաև ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար: Քյոլնի տեխնիկական համալսարանի և պոլիտեխնիկական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Ի՞նչ կարող է տալ այդ հուշագիրը նախ՝ համալսարանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը:

Ըստ էության պետք է ասենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար մեծ նշանակություն ունի արտերկրի բուհերի հետ համագործակցությունը: Քյոլնի տեխնիկական համալսարանում կնքված հուշագիրը շատ բարձր մակարդակում կնքված հուշագիր է՝ պայմանավորված վարչապետի այցով, որը մեր պոլիտեխնիկին մեծ հնարավորություն է տալու գիտատեխնիկական ծրագրերի իրականացման, գիտական մտքի զարգացման, համատեղ գիտական ծրագրերի մշակման, ինչու ոչ, ուսումնական ծրագրերի մշակման, դասախոսների և ուսանողների փոխանակման տարբեր ծրագրերի համատեքստում: Սա մեծ և համապարփակ հուշագիր է, որը կողմերի հարաբերումների շնորհիվ կարելի է կոնկրետացնել և բարձր տեխնոլոգիաներն ավելի զարգացնել, որին մեր պետությունն առաջնահերթություն է տալիս: Պետության տված առաջնահերթությունները պետք է բերեն իրենց արդյունքները, որոնց հասնելու համար չափազանց կարևոր է միջազգային տեխնիկական համալսարանների հետ համագործակցությունը:

Այսօր պոլիտեխնիկն իր առջև դրել է նաև արհեստական ինտելեկտի զարգացմանն ուղղված քայլերի խորացումը՝ ուսումնական տեսանկյունից, և վստահ եմ, որ Քյոլնի համալսարանի գիտնականների և մեր գիտնականների համատեղ աշխատանքը բերելու է զգալի արդյունք: Բնականաբար, վարչապետի մասնակցությամբ կնքված հուշագիրը խոսում է ազդեցիկ համագործակցության մասին, որը կարևոր փաստ է:  Հետագա աշխատանքային արդյունավետությունը  կախված է երկու ուսումնական հաստատությունների համատեղ աշխատանքից: Մենք պատրաստվում ենք ուղղությունները կոնկրետացնել և հետագայում դրանք կյանքի կոչել:

Վարչապետը Քյոլնում ելույթ ունեցավ, ընդգծելով նաև բարձր տեխնոլոգիաների կարևորության, Հայաստանում դրանց ներգրավվածության և առաջնահերթյունների մասին: Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ուղերձը, և ի՞նչ հետևություններ պետք է անել:

Պարոն Փաշինյանի ելույթը՝ բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ ակնարկում է, որ մենք աշխարհում փոքր չափեր ունեցող երկիր ենք, որն ունի շատ մեծ մտավոր ներուժ, և այդ մտավոր ներուժը պետք է բարձր տեխնոլոգիաների մեջ օգտագործվի նաև կիրառական նշանակությամբ: Ոչ միայն հետազոտություններ իրականացնել, ուսումնական գործընթացներ և այլն, այլև հենց կիրառական աշխատանքում պետք է դրսևորվի մեր ներուժը, որպեզի համաշխարհային տնտեսության մեջ մեր տեղն ունենանք՝ արտադրական իմաստով, շուկայում ասելիք պետք է ունենանք: Այս առումով կա արդեն ընձեռված հնարավորություն համագործակցել մի ուսումնական հաստատության հետ, որն ունի փորձ կիրառական իմաստով: Բնականաբար վարչապետը պոլիտեխնիկից ակնկալում է ամբողջական ծավալով համագործակցություն, և մենք՝ որպես 85-ամյա համալսարան, մեր կադրերով ունենք այդ հնարավորությունը՝ առողջ համագործակցության հեռանկարներ ստեղծելու համար:

Ե՞րբ եք սկսելու բուն համագործակցությունը:

Առաջիկայում նախատեսված է Քյոլնի տեխնիկական համալսարանի ղեկավարության այցը Հայաստան, որի շրջանակներում կլինեն հանդիպումներ պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարության և գիտնականների մասնակցությամբ: Մենք նրանց կծանոթացնենք մեր ենթակառուցվածքներին և այդ այցի շրջանակներում կհստակեցնենք մեր հետագա աշխատանքների ժամանակացույցը, կոնկրետ թիմերը, տարվելիք աշխատանքների ուղղությունները, ապա, ըստ դրա արդեն կշարժվենք առաջ:

Կարո՞ղ ենք փաստել, որ նման համագործակցությունների շնորհիվ ապագայում Հայաստանը ավելի կընդլայնի իր գիտատեխնիկական արտադրանքն ու ծավալները:

Ես իմ մեկնաբանության մեջ հենց այդ միտքն էի առաջ քաշում: Եթե մենք ուզում ենք կոչվել տեղեկատվական տեխնոլոգիաների առաջամարտիկ, պետք է նաև կրթության արդյունքում կարողանանք արտադրության զարգացում ապահովել: Ի վերջո,  խորհրդային տարիներին պոլիտեխնիկի կոչումը արդյունաբերությանը կադրերով ապահովելն է եղել: Այսօր կա կադրերի պատրաստում, բայց առկա է նաև արդյունաբերության լուրջ խնդիր: Համագործակցության իմաստն այն է, որ մենք կարողանանք կրթությունից  և գիտությունից անցնել արդյունաբերության: Համագործակցության համատեքստում հենց այս  աշխատանքը պետք է կատարվի՝ ինչպես շուկայում դառնալ մրցակցային: Այսպիսի համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է:

 Հարություն Մկրտչյան