«Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը խորհրդարանական մեծամասնությունը մերժեց քննարկել լիագումար նիստում և այն չընդունվեց նիստի օրակարգ:
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունը այս նախագծով առաջարկում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց, մասնավորապես, վարչապետի ու նախագահի համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումները: Խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես Փաշինյանը, ուներ մտավախություններ, որ նման տեղեկությունները հրապարակել պետք չէ, և կա անվտանգության հարց:
«Նման տեղեկություն հրապարակվել է նախկինում, և այն դարձել է գաղտնի 2017-ից սկսած, այն բանից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր գործուղումների համար մեծ ծախսեր է արել»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ իր ելույթում խնդրեց դեմ քվեարկել, որ նախագիծը չընդգրկվի ԱԺ նիստի օրակարգ: Նա նաև բարձրացրեց Գևորգ Գորգիսյանի վարքագիծը Էթիկայի հանձնաժողովում քննարկելու հարցը: