ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 61 կողմ, 20 դեմ և 16 ձեռնպահ ձայներով:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել էր օրենքի նախագիծը ներկայացնելու պատճառը: «2003-ի դեկտեմբերին կառավարությունն ընդունեց ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի մասին որոշումը, այնուհետև 2017-ին փոփոխություններ եղան, ընդունվեց նոր որոշում: Տարիների ընթացքում լիազոր ներկայացուցիչը համատեղությամբ պաշտոնավորել էր մի շարք աշխատանքներում՝ փաստացի համատեղելով նաև ՄԻԵԴ-ում ներկայացուցչի պաշտոնը: Եվ ի պաշտոնե նաև Արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը համակարգում էր այն աշխատանքները, որոնք իրականացվում էին արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչության միջոցով։ Դա կոչված էր աջակցելու լիազոր ներկայացուցչին իր լիազորությունների իրականացման հարցում: Վերջին տարիներին Եվրոպական դատարանը, ներդնելով աշխատանքային նոր մեթոդներ, պարզեցված վարույթների շրջանակում արագացրել է հաղորդակցությունը ՀՀ կառավարության հետ: Ներկայում լիազոր ներկայացուցչի գործառույթներն իրականացնում է վարչապետի խորհրդականը, ով նաև համատեղության կարգով կառավարության ներկայացուցիչն է Եվրոպական դատարանում: Եվ այս պահին մենք ունենք խնդիր՝ բավարար հստակությամբ ամրագրված չեն լիազոր ներկայացուցչի և նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ շփումները, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում»,- ներկայացրել էր Ասատրյանը:
Ահա այս անհրաժեշտությունից ելնելով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Բացի այդ, օրենքով նախատեսվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում շահերի ներկայացման, վճիռների կատարման ուղղությամբ և այլն: