Այսօր Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Օրակարգում քվեարկության է դրված երեկ առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրինագծեր: ԱԺ-ն նախ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 101 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր ապօրինի անտառահատումների պատժաչափերի խստացմանը:
Հիշեցնենք, որ նաև փոփոխություն է կատարվել Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված տուգանքի մասով, որը 3 մլն դրամ տուգանքից փոխվել է 100 մլն դրամի։
Կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ։
Նախագծով առաջարկում են վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։