ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորեց չխուսափել լրագրողներից: Հ.Աբրահամյանն ասաց, թե կառավարության նիստից հետո լրագրողները սպասում են նախարարներին, և անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնմուտքով են դուրս գալիս շենքից: «Մեր կառավարությունը որդեգրել է բաց ու թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով ԶԼՄ ներիայացուցիչների հետ»,-նշեց վարչապետը: Ապա նա բոլոր նախարարներին հորոդորեց ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: «Հարկ է, որ բոլոր նախարարները օգտագործեն թե նախապես ծրագրված, թե առաջացող բոլոր հնարավորությունները՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ՝ կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցելու, հարց պարզաբանելու համար և ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով»,- ասաց ա:
Վարչապետի խոսքով՝ վերջերս անընդհատ հարցեր են բարձրացվում վարկերի մասին: Կառավարության ղեկավարը վարկային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչություններին հանձնարարեց, այսօրվանից սկսած, պարբերաբար հանրությանը տեցեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով ու դժվարություններով. «Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և պետք է դա ապացուցենք մեր վարքով ու գործով»: