ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այս տարվա հուլիսի 7-ի որոշմամբ` Եղիշ Տերտերյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը՝
Եղիշ Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»:
Տերտերյանի նշանակումից օրեր անց բնապահպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում ասվում էր, որ բնապահպանության նախարարությունից հանվել են տեսչական գործառույթները և դրվել նորաստեղծ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վրա: «Այս նոր կառույցը ձևականորեն, ժամանակավոր, մինչև այս տարվա վերջ նախարարության կազմում է, քանի որ հին տեսչության ֆինանսական հատկացումներով է գործում, սակայն բնապահպանության նախարարությունն այդ կառույցի վրա այլևս փաստացի լիազորություն չունի: Այդ կառույցը հունվարից գործելու է կառավարության ներքո: Բնապահպանական խախտում նկատելու դեպքում այսուհետ հարկավոր է դիմել ոչ թե նախարարությանը, այլ ինքնուրույն գործող այդ կառույցին»,- ասված էր տարածած հաղորդագրությունում:
Ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակներով է Կարեն Կարապետյանը նման որոշում կայացրել, եւ այդ դեպքում ինչ գործառույթներ է իրականացնելու բնապահպանության նախարարությունը: Araratnews.am-ի հետ զրույցում բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանն ասաց, թե որոշումն ընդունվել է կառավարության կողմից, հետեւաբար իրենք որեւէ մեկնաբանություն չեն կարող տալ: Կառավարության լրատվական ծառայություն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանն ասաց, թե տեսչական մարմնի գործառույթները սահմանված են կառավարության կողմից, եւ, հետեւաբար, մեկնաբանություն տալն ավելորդ է: Պեպանյանը հերքեց տեղեկություններն այն մասին, որ տեսչական մարմին ստեղծելը եւ այն բնապահպանության նախարարությունից առաձնացնելը պայմանավորված են վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նախարար Արծվիկ Մինասյանի ոչ բարիդրացիական հարաբերություններով: «Թույլ տվեք դա ես չմեկնաբանեմ, բայց նշեմ, որ նախատեսված է, որ բոլոր տեսչությունները դուրս են գալիս, օրինակ` շուկայի վերահսկողության տեսչությունն էլ է դարձել մարմին»,- ասաց խոսնակը, հավելելով, որ տեսչական մարմինները՝ նախարարությունից դուրս գալու քննարկումներ եղել են դեռեւս մինչև Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելը:
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանի թիմակիցն է: Նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է նաեւ թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահը: Նշենք, որ այն ընդգրկում էր Կենտրոն վարչական շրջանը, որտեղից էլ առաջադրվել է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Տերտերյանի մամուլի խոսնակն ասաց, թե ինքը նան տեղեկատվության չի տիրապետում:
Փայլակ Ֆահրադյան