տուն Լուրեր Վարչապետը ներկայացրեց ՀԷՑ-ի առուվաճառքի մանրամասները

Վարչապետը ներկայացրեց ՀԷՑ-ի առուվաճառքի մանրամասները

127
0

Hovik-Abrahamyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀԷՑ-ի վաճառքի մասին և շնորհակալություն հայտնեց «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին:

Գործադիրի ղեկավարը մասնավորապես ասաց.

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:
Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:
Քանի որ ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին ՏԱՇԻՐ խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում ՏԱՇԻՐ խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր ԻՆՏԵՐ ՌԱՈ խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:
Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»: