Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն այսօր խորհրդարանում վարչապետին հարցրեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին՝ հիշեցնելով, որ բիզնեսը և ներդրողները սիրում են հստակ սահմանված խաղի կանոններ։
Փաշինյանը նշեց, որ պլանավորել էին Հարկային օրենսգրքի փոփոխություններն իրականացնել աշնանը, բայց Ընտրական օրենսգրքի հետ կապված պատմությունը, որից հետո խորհրդարանական ընտրությունները հետաձգեցին Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։
«Իհարկե, մենք համոզված ենք, որ կան դրույթներ, որոնք թեթևացնող են և հենց օրենքի ուժի մեջ մտնելու պահից պետք է սկսեն գործել: Բայց կան դրույթներ, որոնց դեպքում մենք երկու սցենար կունենանք՝ մեկը, որ տարվա կեսից է այդ փոփոխությունը մտնում ուժի մեջ, մյուսը`2019 թվականի հունվար 1-ից»,- ասել է Փաշինյանը:
Պատգամավորի հաջորդ հարցն էր՝ ինչո՞ւ է հենց իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցողների դեպքում 4-6 անգամ ավելանում հարկային բեռը, վարչապետը պատասխանեց. «Ես երեկ միկրոբիզնեսի հետ կապված մի կարևոր նյուանս բաց թողեցի, ուզում եմ առիթից օգտվել և ասել՝ 24 մլն շեմի սահմանելը մենք դիտում ենք աղքատության հաղթահարման տրամաբանության մեջ: Այդ դեպքում էնքան էլ տրամաբանական չի լինի, որ մենք բարձր որակավորում ունեցող մասնագիտական գործունեությունը դնենք միկրոբիզնեսի մեջ: Մենք չենք կարող նրան դնել էն կատեգորիայի մեջ, որ մենք ուզում ենք նրան աջակցել, որ աղքատությունը հաղթահարի: Ինչ վերաբերում է հարկերի 4 անգամ ավելանալուն, ապա մենք որոշել ենք հանել էդ դրույթը, քանի որ ՊԵԿ-ն այսօր չունի այդ ծրագրավորումը, որպեսզի կարողանան հարկային վարչարարություն իրականացնել»:
Անդրադառնալով ստվերի կրճատմանը՝ Փաշինյանը նշեց, որ եկամտահարկի համահարթեցումը կօգնի ստվերային աշխատատեղերի կրճատմանը։
«30 հազար աշխատատեղ ստվերից եկել է լեգալ դաշտ: Համահարթ 23 տոկոս եկամտահարկի սահմանումը, հույս ունենք, ստվերային աշխատատեղերի սպիտակեցման պրոցեսը կշարունակի: Բոլորս գիտենք, որ կա համակարգ, երբ որ աշխատավարձի մի մասը ձևակերպվում է, մյուսը՝ ծրարով է տրվում: Հիմա մենք շահութահարկի և եկամտահարկի համահարթեցումը նաև էդ նպատակով ենք անում, երբ որ եկամտահարկն ավելի բարձր է, քան շահութահարկը, մարդիկ նախընտրում են դա որպես շահույթ հանել հիմնարկից և ծրարով տալ աշխատողին: Հիմա երբ որ մենք դա հավասարեցնենք՝ եկամտահարկը իջեցնելով, մեծ է հավանականությունը, որ դրա էֆեկտներից մեկը կլինի ստվերային աշխատատեղերի սպիտակեցումը»: