Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն. այս մասին նա ասել է ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք տալիս՝ դատավորի հարցին ի պատասխան։
Հարցաքննության ավարտին, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ բոլոր տուժողները տվել են իրենց համաձայնությունը համաներման ակտը կիրառելու վերաբերյալ և չեն առարկել, ի՞նչ դիրքորոշում ունի ոստիկանության պետը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու մասին, Օսիպյանը պատասխանեց․ «Ես կորցրել եմ ընկերներ, գործընկերներ: Եթե այդ հանգամանքը չլիներ, ես չէի առարկի: Դատաքննությունը պետք է շարունակվի, և ամեն մեկը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»։
Դատավորի հարցին, թե առարկո՞ւմ է, որ համաներում կիրառվի, Օսիպյանը պատասխանեց. «Այո՛, առարկում եմ»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, ըստ որի` սահմանված է առանձին դրույթ 2016 թվականի հունիսի 17-31-ը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց վերաբերյալ, սակայն համաներմամբ նախատեսված է վերապահում առ այն, որ, եթե պատանդառված, ինչպես նաև ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են այս համաներման օրենքի կիրառելու հարցում, ապա գործի քննությունը պետք է շարունակվի ընդհանուր կարգով: