տուն Լուրեր Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. բացահայտումները տհաճ են

Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. բացահայտումները տհաճ են

165
0

Պարզվում է՝ ԱԱԾ-ի ստուգումներն ու բացահայտումները ընկճախտի մեջ են գցել Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, ՀՀԿ-ականներին: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, կարկառուն հանրապետական Վահրամ Բաղադասարյանը  News.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ին կանգ առնելու կոչ է անում: Տհաճ երեւույթ է՝ ասում է Բաղդասարյանը:

Այն, որ այս բացահայտումները տհաճ են, պարզ է, բայց տհաճ են ժողովրդի համար, քանի որ շուրջ 20 տարի շարունակ Հայաստան երկիրը ղեկավարել են քրեական տարրեր, և Հայաստանի իշխանությունները եղել են գանձարանագողեր, թայֆայական մտածելակերպ ունեցող միլիոնատերեր, որոնց մենք տեսնում ենք պարբերաբար արվող բացահայտումների միջոցով:

Համաձայնելով Վահրամ Բաղդասարյանի հետ՝ պետք է հստակեցնենք, որ, այո՛, տհաճ է, երբ պաշտոնապես կես միլիոն ծայրահեղ աղքատ բնակչություն ունեցող հանրապետությունում իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբորորդին 90 հազար դոլար արժողությամբ մեքենա է նվիրում ընկերուհուն, իսկ մի քանի կիլոմետր այն կողմ երեխաներ են մահանում հիվանդությունից, ծերերը քնում են սառը տների մեջ և սոված, իսկ Գյումրին շարունակում է մնալ աղետի գոտի: Սա ոչ միայն տհաճ է, այլ նաև զազրելի. գողանում, կեղեքում և խլում են՝ մարդկանց զենքով սարսափի մեջ պահելու եւ թմրանյութ «ըմբոշխնելու» համար: Սա երկրի ամոթն է: Ու պարոն Բաղդասարյանը հավանաբար չի գիտակցում, որ մարդու այդ տեսակի գոյության համար մեղքի մեծ բաժինն ունի նաև ինքը:

Տհաճ է, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարը կազինոներում է խաղում, տհաճ է, երբ Սերժ Սարգսյանի եղբորորդին կրակում է, իսկ տուժողը վախենում է այդ մասին հայտնել և խոսում է 11 տարի անց, տհաճ է, որ մեկն ունի ապօրինի ձեռք բերված մի քանի միլիոն եւ միլիարդ, իսկ գյուղացիները, վարկերի տակ ճռռալով, կորցնում են իրենց հողերն ու տները, դառնում թափառական, տհաճ է, երբ դատարանները հրահանգ էին ստացել, թե ում քանի տարով ազատազրկեն, իսկ ում ընդհանրապես բանտ չուղարկեն:

Տհաճ է, երբ ՀՀԿ-ի վերարտադրության առաջամարտիկը հայրենասիրության անվան տակ գողանում է բանակի մթերքն ու տալիս արջերին: Այնքան տհաճ երևույթներ կան ՀՀԿ-ի այս տարիների կառավարման մեջ, որոնց մեկ հրապարակմամբ չենք կարող անդրադառնալ:

Պարզապես պետք է փաստենք, որ Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է: Այս բացահայտումները տհաճ են: Բայց ավելի տհաճ է, որ այս ամենից հետո նրանք դեռ երես ունեն ճամարտակելու:

Կոչը ԱԱԾ-ին՝ թե կանգ առնել է պետք, գույն ունի. դա վախի գույնն է: Այդ վախն է, որ պատել է ՀՀԿ-ին:

ԱԱԾ-ն ոչ միայն չպետք է կանգ առնի, ավելին, բացահայտումները միս ու արյուն պետք է ստանան դատարանում՝ մեղադրական դատավճիռների տեսքով:

Հարություն Մկրտչյան