Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակը քրեակատարողական հիմնարկում գնալով վատանում է. «11 ամիսների ընթացքում Վահան Շիրխանյանը մոտ 4000 դեղահաբ է ընդունել՝ տարբեր բժիշկների կողմից նշանակված, բայց այդ 4000 դեղահաբի արդյունքում առողջ ձերբակալվել է, իսկ հիմա հաշմանդամություն ունի և չի կարողանում քայլել»:
Նա նաև ընդգծեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է Շիրխանյանի հետ, ու վերջինս փաստաբանին հայտնել է, որ արդեն երեք ամիս է` չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև մենակ ի վիճակի չէ:
«Անցյալ շաբաթ փորձեցինք կազմակերպել Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողների հետ, որի համար օրենսդրական որևէ խոչընդոտ գոյություն չունի, բայց հիշում եք, թե ինչ տգեղ քայլերի դիմեց քրեակատարողական հիմնարկը, որ այդ հանդիպումը չկայանա: Նրանք վախենում էին, որ դուք [լրագրողները,- խմբ.] կտեսնեք, թե այնտեղ Շիրխանյանն ինչ վիճակում է, որովհետև, եթե դուք տեսնեք, ձեզ համար պարզ կլիներ, որ նրան աստիճանաբար սպանում են»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում վնասազերծված զինված հանցախմբի գործով։