ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու անհրաժեշտություն չի տեսնում:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` քննարկելու ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի շուրջ տեղի ունեցող դեպքերը:
«Այս պահին մեր կուսակցությունում նման քննարկում դեռ չի եղել, եթե անհրաժեշտություն լինի արտահերթ նիստ հրավիրելու և երկրում տիրող իրավիճակի հետ կապված Ազգային ժողովի կարիքը լինի, բնական է` կմիանանք այդ նախաձեռնությանը, բայց այս պահին նման անհրաժեշտություն դեռ չկա»,- մեզ ասաց նորաստեղծ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
Տեղեկացնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար պետք է 24 ժամվա ընթացքում առնվազն 44 պատգամավոր ստորագրի համապատասխան ձևաթղթի տակ, սակայն մինչ այս պահն իրենց համաձայնությունն են տվել ընդամենը ինը պատգամավոր` Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ռուբիկ Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու կոչով քիչ առաջ հանդես են եկել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ դատապարտելով ԱԺ անգործությունը:
«Դատապարտում ենք Ազգային ժողովի աններելի եւ անթույլատրելի անգործությունը և կոչ ենք անում նրան օգտվել արտահերթ նիստ հրավիրելու իր սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով:
Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է, և հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար»,- ասված է ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ:
Շողիկ Գալստյան