տուն Լուրեր Յուրի Ալեքսանյանի բաց նամակը վարչապետին

Յուրի Ալեքսանյանի բաց նամակը վարչապետին

122
0

118031

Մեծարգո Կարեն Վիլհելմի,

ծայրաստիճան արտակարգ իրավիճակը, որում հայտնվել է ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական  մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը, ստիպում է ինձ դիմել Ձեզ սույն բաց նամակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական  մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի լուծարման գործընթացը, որը փոխարինվեց գործնական առողջապահության հիմնարկին (Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին) միացմամբ: Սկզբունքորեն երկու գործընթացները չեն տարբերվում միմյանցից եւ նշանակում են ինստիտուտի ոչնչացումը: ՀՀ առողջապահության նախարարությունում ինստիտուտի վերաբերյալ սկսված գործընթացը կարելի է նմանեցնել ամպրոպին պարզ երկնքում:

Թվում էր, թե ինստիտուտի համար բախտորոշ որոշումներ կայացնելու համար նրա գործունեությունը (գիտական, կադրային, ֆինանսատնտեսական, կապը գործնական առողջապահության եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, պարզաբանելու նրա դերը եւ նշանակությունը) պետք է ստուգեր բանիմաց հանձնաժողով, որի նպատակը պիտի լիներ ինստիտուտում իրադրության բացահայտումը: Սակայն ոչ մի հանձնաժողով ինստիտուտում չի աշխատել: Խոսքը վերաբերվում է հանրապետության առաջին գիտական հիմնարկության ոչնչացմանը, որը հիմնադրվել է 1923թ. որպես Տրոպիկական ինստիտուտ:

Այդ ժամանակ մալարիայից ավելի շատ մարդիկ էին մահանում, քան ծնվում էին: Ինստիտուտի բացմանը ներկա են   եղել Հայաստանի կառավարության ղեկավար Ա. Մյասնիկյանը եւ այլ ղեկավար անձինք: 50 տարի անց, 1973թ. վարակական հիվանդությունների դեմ բեղմնավոր աշխատանքի եւ բարձրորակ գիտական կադրերի պատրաստման համար վերանվանված ինստիտուտը պարգեւատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:  Ինստիտուտը մեծ աշխատանք է իրականացրել այնպիսի վարակիչ հիվանդությունների վերացման կամ հիվանդացության նվազման ուղղությամբ, ինչպիսիք են մալարիան, բնական ծաղիկը, դիֆթերիան, կարմրուկը, լեպտոսպիրոզները, աղիքային վարակները (որովայնային տիֆ,  Ա եւ Բ պարատիֆեր, դիզենտերիա, սալմոնելոզներ), պոլիոմիելիտը եւ այլն: Ինստիտուտում պատրաստվել են գիտության 30 դոկտորներ, ընդ որում 3-ը` 2004, 2005 եւ 2006թթ., եւ շուրջ 90 թեկնածուներ:

Ինստիտուտի գիտական ներուժը ակտիվ կերպով մասնակցել է 1988թ. տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացմանը: 90-ական եւ 2000-ական թվականներին շարունակվել է ինստիտուտի մասնակցությունը վարակների դեմ պայքարի գործում (պայքար վերադարձած մալարիայի դեմ, զինված ուժերում վիրուսային հեպատիտների դեմ): 1998թ. ինստիտուտը մասնակցել է (պրոֆեսոր Գ. Բ. Ղուկասյան) Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում խոլերայի օջախի վերացմանը:

2002թ. օգոստոսի 1-ի ՀՀ կառավարության  (վարչապետ Ա. Մարգարյան) N 1213-Ն որոշման համաձայն, ինստիտուտը վերակազմակեպվել է «Ա. Բ. Ալեքսանյանի անվան  համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական  մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Նույն որոշմամբ սահմանվել է, որ «Ա. Բ. Ալեքսանյանի անվան  համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական  մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան եւ նպատակը Հայաստանի Հանրապետությունում տարածված մանրէային, վիրուսային եւ մակաբուծային բնույթի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, ախտորոշման եւ կանխարգելման, ինչպես նաեւ այդ հիվանդությունների դեմ պայքարի հարցերի ուսումնասիրությունն է: Նկատի ունենալով, որ 1989թ.-ից Հայաստանում ձեւավորվել է բարդ եւ լարված համաճարակաբանական իրավիճակ, որը պայմանավորված է մի ամբողջ շարք պատճառներով, ինստիտուտի հիմնական գիտական խնդիրներն են հանդիսանում տարբեր մանրէների զգայունության ուսումնասիրությունը հակաբիոտիկների եւ ախտահանիչների հանդեպ, վարակիչ  հիվանդությունների ուսումնասիրությունը, պայմանական պաթոգեն էնտերոբակտերիաներով հարուցված աղիքային վարակները, ներհիվանդանոցային վարակները, վիրուսային հեպատիտները, երկրորդային իմունոդեֆիցիտային վիճակների հիմնահարցը վարակների դեմ պայքարի գործում եւ այլն: Այդ աշխատանքների վերջնական նպատակը պետք է լինի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի  ստեղծումը, ինչը հանդիսանում է ինչպես հանրապետության ազգաբնակչության առողջության, այնպես էլ երկրի պաշտպանունակության բարձր մակարդակի երաշխիքը:

Ինստիտուտը վերջին 25 տարիների ընթացքում բացարձակապես չի ֆինանսավորվել առողջապահության նախարարության կողմից եւ շարունակում  է իր գիտական գործունեությունը ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից բազային ֆինանսավորմամբ:

Չհամաձայնվելով ինստիտուտի հնարավոր ոչնչացման հեռանկարի հետ, ինստիտուտի կոլեկտիվը լի է վճռականությամբ, ղեկավարվելով պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի կողմից հնչեցված Ազգ-Բանակ կարգախոսով, մոբիլիզացնելով բոլոր ուժերը եւ միջոցները, կենտրոնանալ վարակական հիվանդությունների դեմ պայքար ծավալելու ուղղությամբ, որը կարող է ունենալ կարեւոր նշանակություն հանրապետության զինված ուժերի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ինստիտուտի ցանկությանը, համագործակցելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ զինված ուժերում մի շարք կարեւոր խնդիրների շուրջ համատեղ  ուժերով  կատարել գիտական հետազոտություններ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից բազային ֆինանսավորման շրջանակներում:

Մեծարգո պարոն վարչապետ

Օգտագործելով Ձեր բարձր հեղինակությունը, ՀՀ  ԱՆ որոշ անձինք ցանկանում են կառավարության որոշումով օրինականացնել ինստիտուտի միացումը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին: Հարցի այդպիսի լուծումը ձեռնտու է ինստիտուտի միայն մեկ անձի` տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Մելիք-Անդրեասյանին:  Առողջապահության նախարարության ցուցումով ցանկանում են բաժանել դեռեւս «չսպանված արջի մորթին»  (ինստիտուտի տարածքը):

Մեծարգո պարոն վարչապետ

Կարծում եմ, որ առկա մարտահրավերների պայմաններում մեր երկրի  համար կարեւոր նշանակություն ունեցող գիտական հիմնարկության ոչնչացումը  չի ելնում ՀՀ ազգային անվտանգության շահերից: Ուստի խնդրում եմ Ձեզ պահպանել ինստիտուտի ներկա կարգավիճակը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր,

ինստիտուտի գիտական խորհրդական,

Հայաստանի Հանրապետական

կուսակցության անդամ 1998թ.-ից

Յուրի   Ալեքսանյան