տուն Լուրեր Տուն ինտերնատներում ազատ տեղեր կան. Դիմողների թիվը չի ավելացել. Անահիտ Գևորգյան

Տուն ինտերնատներում ազատ տեղեր կան. Դիմողների թիվը չի ավելացել. Անահիտ Գևորգյան

207
0

12079597_703918833072997_6487906147300698846_n

Այսօր ծերերի միջազգային օրն է, որին ընդառաջ  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը  լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ-ում տարեցների վիճակը և տուն-ինտերնատներում ապրող տարեցների վիճակագրությունը: Բանախոսը նշեց, որ այսօր Հայաստանում գործում է 9 տուն-ինտերնատ, որոնցում 1240 մարդ է բնակվում, ինչը փոքր ցուցանիշ է  աշխարհի բնակչության հետ համեմատած:

«Եթե նախկինում տուն-ինտերնատ ընդունվելու համար պարտադիր էր միայնակ տարեց լինելը, ապա, ելնելով տարեցների իրավիճակից, օրենսդրության մեջ փոփոխություն կատարվեց, որի համաձայնˋ տուն-ինտերնատում կարող են բնակվել նաև այն տարեցները, որոնք ունեն ընտանիքներ, բայց չեն կարողանում ապրել ընտանիքում տիրող ծանր մթնոլորտում:  Դրանք բոլորի համար անվճար են, միայն Վանաձորում գործող տուն-ինտերնատն է, որ անվճար է միայնակ տարեցների համար և վճարովի՝ ընտանիք ունեցող տարեցների համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր մեր տուն ինտերնատներում ազատ տեղեր կան, իսկ դիմողների թիվը չի ավելացել: Չի բացառվում նաև, որ սա նաև միգրացիայի հետևանք լինի»,-նկատեց Գևորգյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ հանրապետությունում գործում է նաև  ծերերին տանն աջակցելու ծրագիր, որն, ի տարբերություն տուն-ինտերնատների՝ միայն միայնակ ծերերի համար է: Երևանում այս ծառայությունից օգտվում են 1500, իսկ մարզերում շուրջ 4000 տարեցներ:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ երեխաները իրենց ծնողներին ինտերնատներից տուն տանեն, բանախոսը պատասխանեցˋ 23 տարվա աշխատանքային փորձի ընթացքում հիշում է երկու նման եզակի դեպք: