Արտաքին տարադրամային հոսքերը դեպի Հայաստան տարեսկզբին շարունակել են կրճատվել։ Խոսքը ինչպես տրանսֆերտների, այնպես էլ ապրանքների արտահանման շրջանակներում ստացվող ֆինանսական միջոցների մասին է։ Սա, բնականաբար, մեծացրել է ճնշումը թե´ տնտեսության ակտիվության, եւ թե´ արժութային շուկայի վրա։ Իհարկե, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, այդ թվում՝ հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի արժութային դաշտը տարեսկզբին արտաքուստ հանգիստ է։ Սակայն դա հաջողվում է ապահովել, առաջին հերթին, փողի թանկացման եւ զանգվածի կրճատման միջոցով։ Մի բան, ինչը բացասաբար է ազդում տնտեսական գործընթացների վրա։ Տարեսկզբին ֆիզիկական անձանց միջոցով Հայաստան մտնող արտաքին ոչ առեւտրային ֆինանսական հոսքերի նվազումն ուղղակիորեն կապված է ռուսական շուկայի հետ։ Ռուսական տրանսֆերտների կրճատումը ռուբլու արժեզրկման եւ Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների ուղղակի հետեւանք է։ Նվազել են այստեղ արտագնա աշխատանք կատարողների եկամուտները, հետեւաբար եւ նրանց կողմից Հայաստան ուղարկվող գումարները։ Սակայն, հունվարին արձանագրված տրանսֆերտային հոսքերի կտրուկ, ավելի քան 45 տոկոս, կրճատման վրա զգացնել է տվել նաեւ անցած տարվա նույն ամսին գրանցված բարձր ակտիվությունը։ 2014թ, հունվարին ռուսական շուկայի հոսքերն ավելացան 23 տոկոսով։ Այնինչ, արդեն փետրվարին, նախորդ տարվա համեմատ, նույնիսկ անկում գրանցվեց։ Այնպես որ, պետք է ենթադրել, որ անկման միտումը առաջիկայում կթուլանա։ Հատկապես որ, նկատելի է նաեւ ռուսական ռուբլու, թեկուզ փոփոխական, բայց արժեւորման միտում։ Իհարկե, դա դեռեւս հիմք չէ երկարատեւ կայունության մասին խոսելու համար, բայց որոշակի դրական ազդեցություն կարող է թողնել տրանսֆերտային հոսքերի վրա։ Տարեսկզբին նվազել է նաեւ արտահանումից Հայաստան մտնող տարադրամի զանգվածը։ Մի բան, ինչն ուղղակիորեն կապված է արտաքին շուկաների հետ։ Դա նկատելի է հատկապես Ռուսաստանի դեպքում։ Պաշտոնական տվյալներով, հունվարին գրեթե կանգնած է եղել արտահանումը ռուսական շուկա։ Պատահական չէ, որ այն 100 անգամ կրճատվել է՝ կազմելով նախորդ տարվա ընդամենը 1 տոկոսը։ Դրանում, անշուշտ, դեր է ունեցել ինչպես ռուսական շուկայի իրավիճակը, այնպես էլ նոր տնտեսական տարածքին Հայաստանի անդամագրմամբ պայմանավորված անորոշությունները, որոնք ստիպեցին տնտեսվարողներին ձեռնպահ մնալ արտահանումներ իրականացնելուց։ Տարեսկիզբը բարենպաստ չէր նաեւ այլ երկրների շուկաներից արտահանման միջոցով Հայաստան մտնող տարադրամային հոսքերի առումով։ Թերեւս դա է պատճառը, որ կառավարությունը տարբեր գործիքների կիրառմամբ փորձում է լրացնել այս գործոնների հետեւանքով տնտեսության մեջ առաջացած ֆինանսական միջոցների սղությունը։ Առավել եւս, որ դրանց ազդեցությունը, հատկապես տրանսֆերտների առումով, բավականաչափ մեծ է։ Միայն այն, որ ֆիզիկական անձանց արտաքին ոչ առեւտրային փոխանցումները հասնում են Հայաստանի համախառն ներքին արդյունքի գրեթե 20-25 տոկոսին, բավարար է պատկերացնելու համար, թե դրանք ինչ կարեւոր նշանակություն ունեն տնտեսության համար։ Վ.ՔՈՉԱՐՅԱՆ
տուն Քաղաքական Վերլուծական Տրանսֆերտների կրճատումը ռուբլու արժեզրկման եւ ՌԴ տնտեսության զարգացումների հետեւանք է