տուն Քաղաքական Վերլուծական Տրանսֆերտների կրճատումը մեծացնում է ճնշումը նաև տնտեսության վրա

Տրանսֆերտների կրճատումը մեծացնում է ճնշումը նաև տնտեսության վրա

162
0

792478
Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ սոցիալական իրավիճակի համար կարեւոր նշանակություն ունեցող մասնավոր ֆինանսական փոխանցումներն արտերկրից շարունակում են կրճատվել։ Դրա հետեւանքով մեծանում է ճնշումը նաեւ տնտեսական գործընթացների վրա։
Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տվյալների համաձայն, փետրվարին բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային նպատակով ֆիզիկական անձինք Հայաստան են ուղարկել 68,1 մլն դոլար, ինչը գրեթե 12 միլիոնով ավել է հունվարի համեմատ։ 10,5 միլիոնով ավելացել են ռուսական տրանսֆերտները։
Դրանով հանդերձ, ընդհանուր ներհոսքը էապես զիջում է նախորդ տարվա մակարդակը։ 2014թ. փետրվարին ֆիզիկական անձանց ոչ առեւտրային փոխանցումները գերազանցել էին 105,7 մլն դոլարը։ Մի բան, ինչը նշանակում է, որ այս տարի բանկային համակարգով ուղարկված գումարները նույն ժամանակահատվածում կրճատվել են շուրջ 37,7 մլն դոլարով։
Այն գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում ռուսական շուկայից կատարված փոխանցումներին։ 2014թ. 83,5 մլն դոլարի համեմատ այս տարվա փետրվարին Ռուսաստանից մուտք եղած գումարները պակասել են 35,8 միլիոնով կամ 42,8 տոկոսով։ Թեեւ փետրվարին ռուսական շուկայից տրանսֆերտային հոսքերի դրական տեղաշարժ է նկատվել անկման տեմպի կրճատման առումով։ Եթե հունվարին նախորդ տարվա համեմատ մուտքը պակաս էր 53,8 տոկոսով, ապա փետրվարին այն կազմել է 42,8 տոկոս։
Որքանո՞վ կշարունակվեն այս դրսեւորումները նաեւ առաջիկայում, դժվար է ասել։ Ամեն դեպքում դրա համար որոշակի դրական հիմքեր կան։ Մասնավորապես դադարել է ռուբլու արժեզրկումը։ Ավելին, այն նույնիսկ որոշ չափով արժեւորվել է։ Եթե պահպանվեն այդ միտումները, ապա ռուբլու կայունացումը կարող է նպաստավոր ազդեցություն թողնել ռուսական շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի վրա։
Ընդհանուր առմամբ, տարեսկզբի երկու ամիսներին արտերկրից Հայաստան ուղարկված ոչ առեւտրային փոխանցումների ներհոսքը կազմել է 122,4 մլն դոլար, ինչը գրեթե 83 միլիոնով զիջում է նախորդ տարվա մակարդակը։ Այն կրճատվել է ավելի քան 40 տոկոսով։
Դրան զուգահեռ ներհոսքի նկատմամբ ակտիվացել է նաեւ արտահոսքը։ Հունվար-փետրվարին տրանսֆերտների տեսքով Հայաստանից դուրս է փոխանցվել ավելի քան 44,2 մլն դոլար, որից 30 միլիոնը գնացել է դեպի Ռուսաստան։
Դրա հետեւանքով, տրանսֆերտների զուտ ներհոսքի կրճատումն ավելի մեծ է։ Այն կիսով չափ զիջում է նախորդ տարվա մակարդակը։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ