տուն Լուրեր Տրանսֆերտների կրճատումը դանդաղում է, թեեւ անկումը դեռեւս բավականաչափ մեծ է

Տրանսֆերտների կրճատումը դանդաղում է, թեեւ անկումը դեռեւս բավականաչափ մեծ է

142
0

dollar-dram-exchange-rates

Հայաստան ուղարկվող մասնավոր ոչ առեւտրային փոխանցումները մարտին շարունակել են կրճատվել։ Թեեւ մյուս կողմից նկատելի է անկման տեմպի դանդաղում։ Հունվարին տրանսֆերտների բացասական տարբերությունը գերազանցում էր 45,5 տոկոսը։ Արդեն փետրվարին այն կազմեց 35,6 տոկոս։ Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ոչ առեւտրային փոխանցումները նվազել են 33,2 տոկոսով։
Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տվյալների համաձայն, անցած ամիս բանկային համակարգի միջոցով ստացվել է 83,9 մլն դոլարի տրանսֆերտ։ Այն գրեթե 16 միլիոնով ավել է եղել փետրվարի համեմատ։ Աճը արտահայտվել է ինչպես այլ երկրների, այնպես էլ Ռուսաստանի դեպքում։ Չնայած փետրվարի նկատմամբ տրանսֆերտային հոսքերը համալրվել են, այնուհանդերձ դրանք դեռեւս շատ հեռու են նախորդ տարվա մակարդակից։ Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային փոխանցումները 2014թ. նույն ամսվանից պակաս են եղել 41,7 մլն դոլարով։ Այն գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում ռուսական շուկայից կատարված փոխանցումներին։ 2014թ. 99,4 մլն դոլարի փոխարեն այս տարվա մարտին Ռուսաստանից պակաս է ստացվել 40 միլիոն։ Դրանով հանդերձ, ինչպես փետրվարին, այնպես էլ մարտին արձանագրվել է ռուսական տրանսֆերտների կրճատման տեմպի դանդաղում։ Եթե հունվարին մուտքը պակաս էր 53,8, փետրվարին՝ 42,8, ապա արդեն մարտին՝ 40 տոկոսով։
Դրսեւորված փոփոխությունների վրա, անշուշտ, որոշակի ազդեցություն է ունեցել Ռուսաստանի արժութային շուկան։ Խոսքը՝ մասնավորապես վերաբերում է դոլարի նկատմամբ ռուբլու արժեւորմանը։ Այս միտումը սկսեց նկատվել հիմնականում մարտի վերջից. Ամսվա սկզբին դոլարի գինը ռուսական շուկայում գերազանցում էր 61-62 ռուբլին։ Այնինչ, արդեն մարտի վերջին այն 56-57 ռուբլու սահմաններում էր։ Ռուսական արժույթի արժեւորումը շատ ավելի ակտիվ դրսեւորվեց ապրիլին։ Դոլարի գինը վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում տատանվում է հիմնականում 50-52 նիշի տիրույթում։
Ռուբլու արժեւորման այս դրսեւորումները չեն կարող նպաստավոր ազդեցություն չունենալ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հոսքերի ավելացման վրա։ Այդ հանգամանքն, ըստ ամենայնի, ավելի ակնառու կարտահայտվի ապրիլի ցուցանիշներում։
Ի տարբերություն Ռուսաստանի, տրանսֆերտային հոսքերի ակտիվությունը շարունակել է պահպանվել Միացյալ Նահանգներից։ Տարեսկզբի բոլոր ամիսներին դրանք գերազանցել են նախորդ տարվա մակարդակը։ Արդյունքում՝ փոխել է այս երկու հիմնական շուկաներից Հայաստան ուղարկվող ոչ առեւտրային փոխանցումների բաշխվածությունը։ Ռուսաստանի բաժինը, որը նախկինում գերազանցում էր 80 տոկոսը, այժմ 70 տոկոսի սահմաններում է։ ԱՄՆ-ի դեպքում տեղի է ունեցել հակառակը. Այս երկրից ստացվող ոչ առեւտրային փոխանցումների տեսակարար կշիռը ընդհանուր մուտքերում գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 12,4 տոկոսի։
Ընդհանուր առմամբ տարեսկզբի երեք ամիսներին արտերկրից Հայաստան ուղարկված ոչ առեւտրային փոխանցումների ներհոսքը կազմել է 206 մլն դոլար, ինչը 124 միլիոնով պակաս է եղել նախորդ տարվանից։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ծավալները, սա բավական լուրջ գումար է, ինչը չէր կարող բացասաբար չազդել ներքին տնտեսական գործընթացների վրա։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ