Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով Toyota ընկերությունը լավագույնն է ճանաչվել մեքենաների վաճառքի տվյալներով: Նա ամենաշատ վաճառված մեքենաներով շրջանցել է General Motors-ին և Volkswagen-ին: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Հուլիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Toyota-ն աշխարհում վաճառել է 2,5 մլն ավտոմեքենա: Դա 2,8%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Թեպետ GM-ի ցուցանիշն այս առումով ավելի տպավորիչ է` 5,5%, սակայն վաճառված 2,4 մլն մեքենայով ամերիկյան ընկերությունը չի կարողացել շրջանցել ճապոնացիներին: Երրորդ տեղում գերմանական Volkswagen-ն է` 2,33 մլն վաճառված մեքենայով:
Նույն աղբյուրի համաձայն, այս տարի Toyota-ն կարձանագրի ռեկորդային վաճառք, ինչը կապված է Ճապոնիայի գործող կառավարության վարած քաղաքականության հետ, երբ թուլացող իենը թույլ է տվել «ծագող արևի» երկրի ընկերություններին ավելի մեծ հաջողություններ ունենալ արտահանման հարցում:
Նախորդ տարին Toyota-ն վաճառել էր 7,41 միլիոն ավտոմեքենա և դարձել էր լավագույնն աշխարհում: