Անապայում կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստը, որում համաձայնեցվել են դաշնային ռազմական համագործակցության ծրագրերը։
«Ավարտելով խորհրդի նիստը՝ նշեմ, որ այն անցավ գործնական եւ կառուցողական մթնոլորտում։ Համատեղ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվեց առարկայորեն վերլուծել աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, մանրամասնորեն քննարկել Համագործակցության հարավային սահմաններում եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ նիստի արդյունքներով հավանության են արժանացել մինչեւ 2025 թ. ԱՊՀ-ում ռազմական համագործակցության զարգացման հայեցակարգային հիմքերը՝ գործնական փոխգործակցություն հակաօդային պաշտպանության, օդուժի թռիչքների անվտանգության, տեղագրական ապահովման, ինչպես նաեւ ռազմական կադրերի պատրաստման հարցերով:
Նախօրեին ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները, այդ թվում նաեւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը զբոսնել են Անապայում, ծանոթացել տեսարժան վայրերին։ Հրապարակված լուսանկարներում բոլոր նախարարները սպիտակ վերնաշապիկով են, բացի հայ նախարարից, որը նախընտրել է շրջել «զինվորական» խակի գույնի շապիկով: