Ադրբեջանում 10000 ադրբեջանական մանաթի (մոտ 9500 դոլլար ներկա պահի փոխարժեքով) հաշվեհամար կբացվի բանկում՝ ընտանիքում 2-րդ աղջիկ երեխայի ծնվելու դեպքում: Ըստ news.az -ի այս համակարգի ներդրումը հիմնավորվում է Ադրբեջանում դեմոգրաֆիական զարգացման և բնակչության աճի խթանման նկատառումներով: Նախագիծը շուտով կքննարկվի Ադրբեջանի Նախարարների Խորհրդի նիստում:
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում նույնպես բավականին սուր է դրված աղջիկ երեխաների սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրները: Միաժամանակ, թեև պաշտոնական վիճակագրությունը փաստում է բնակչության 1,3-1,5% տարեկան միջին աճի մասին, որտեղ բնակչությունը կազմում է 9,5 մլն., այնուամենայնիվ, շատ մեծ արտագաղթի պատճառով (նշված թվի մոտ կեսն է ներկա պահին բնակվում Ադրբեջանում), իսկապես ժողովրդագրական հաշվեկշռի պահպանման խնդիր կա այդ երկրում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանում՝ հունվարին իրական ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմել է 4,4%: Սակայն Ադրբեջանի անվանական ՀՆԱ-ն նվազել է 17%-ով 2014 թ.-ի հունվար ամսվա նկատմամբ և 30,6%-ով՝ դեկտեմբերի նկատմամբ: Այսպես, եթե 2014 թ.-ի հունվարին ՀՆԱ-ն կազմել է՝ 4 մլրդ. 359 մլն. մանաթ, ապա 2015 թ.-ի հունվարին այն կազմել է 3 մլրդ. 631 մլն. մանաթ: Անվանական ՀՆԱ-ի անկումը հիմնականում բացատրվում է նավթի գների անկմամբ:
Հունվարին ադրբեջանական նավթի արտահանման ֆիզիկական ծավալները նվազել են 13,4%-ով դեկտեմբերի համեմատ, սակայն արտահանումից եկամուտները նվազել են ավելի մեծ չափով՝ 35%-ով կամ 410 մլն դոլլարով:
Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի բանկերի ընդհանուր վնասը ավելի մեծ է եղել, քան օգուտը: Ադրբեջանի Կենտրոնական բանկը հաղորդում է, որ բանկերի ընդհանուր վնասը 2014 թ.-ին կազմել է 479 մլն. դոլլար, իսկ օգուտը 475 մլն. դոլլար (cesd.az): Այսինքն, թեև զուտ վնասի մեծությունը փոքր է, սակայն կարելի է ասել, որ 2014 թ.-ին ադրբեջանական բանկային համակարգը աշխատել է վնասով: Նշենք, որ 2013 թ.-ին բանկային համակարգի վնասը կազմել էր ընդամենը 219,6 մլն. դոլլար:
Ադրբեջանի ԿԲ-ի արտարժութային պահուստները հունվարին նվազել են 8%-ով: Դա պայմանավորված էր ազգային արժույթի փոխարժեքի պահպանման արդյունքում Կենտրոնական Բանկի կողմից իրականացվող ինտերվենցիաներով: Փետրվարին արտարժույթի պահուստները նույնպես զգալիորեն նվազել են: Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ադրբեջանի ԿԲ-ը 34 %-ով պաշտոնապես դեվալվացիայի ենթարկեց մանաթը, որտեղ $1-ը 0,78 մանաթից դարձավ 1,05 մանաթ: Թեև հաղորդվում է, որ մանաթը այլևս կապված չի լինելու ամերիկյան դոլլարին և աստիճանաբար անցում է կատարվելու ավելի ճկուն փոխարժեքի քաղաքականության, ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի կողմից դեռևս շարունակվելու են ինտերվենցիաները մանաթի այս փոխարժեքը ևս պահպանելու համար, իսկ արդյունքում կնվազեն նաև արտարժութային պահուստները:
Սարգիս Մանուկյան