Araratnews.am-ը Հայաստանի` ԵՏՄ-ի հետ անդամակցության մասին զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարպետյանի հետ:
—Ստորագրվեց ԵՏՄ-ի հետ Հայաստանի անդամակցության պայմանագիրը, բայց լիարժեք անդամ դառնալու համար կան ևս երկու փուլեր, ի՞նչ են իրենցից ենթադրում այդ փուլերը, ի՞նչ է սպասվում:
-Կարևոր փուլեր են, որ պետք է հաղթահարել: Եթե աշխարհում տնտեսական վիճակը ծայրահեղ կերպով չվատանա, այդ փուլերը կհաղթահարենք և ամեն բան նորմալ կլինի:
— Հայաստանում ԵՏՄ-ի հետ անդամակցության հետևանքները ե՞րբ նկատելի կլինեն:
-Պետք է սպասել մինչ անդամակցությունը լիարժեք լինի. գուցե պայմանագրերի մեջ փոփոխություններ մտցվեն, չնայած քիչ հավանական է:
-Այնուամենայնիվ, գործընթացի ավարտից հետո, ի՞նչ եք կարծում, ո՞ր ոլորտներում կլինեն առաջին հետևանքները:
-Ես Հայաստանի` ԵՏՄ-ի հետ անդամակցության չեմ նայում զուտ որպես տնտեսական գործոն: Իհարկե, կարող եմ Ձեր հարցին պատասխանել, բայց կրկնում եմ` պետք է ամբողջական գնահատական տրվի: Կան երևույթներ, որոնք Հայաստանին կարող են տալ շատ ավելի մեծ հնարավորություններ, այսինքն` դրական հետևանքները շատ կլինեն, ու, այս դեպքում, չարժե խոսել որոշակի ապրանքների թանկացման մասին: Միությունները միայն տնտեսական ոլորտով չեն սահմանափակվում, պարունակում են տարբեր տարրեր:
—Ի՞նչ եք կարծում դրամը կփոխարինվի՞ ռուբլիով:
-Նման խնդիր այժմ ոչ ոք չի դնում, դեռ շուտ է այդ մասին մտածել, բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել` չկան այնպիսի տնտեսական միություններ, որոնք շատ երկար ժամանակ կկարողանան տարբեր դրամական հոսքեր ունենալ: Եթե մենք շարժվելու ենք ինքնուրույն, ուզում ենք ինքնուրույն այս վիճակից դուրս գալ, ապա պետք է դրամ մնա, բայց Հայաստանը կկարողանա՞ ինքնուրույն դուրս գալ այս վիճակից: Եթե Հայաստանը գնար Եվրամիություն, մինչև վերջ ինտեգրվեր, ի՞նչ եք կարծում պահանջ չէ՞ր լինի` եվրոն մեզ մոտ դառնար դրամական միջոց, ասեմ, որ մենք էինք դրան ձգտելու, եթե անգամ նման պահանջ չլիներ:
Շողիկ Գալստյան