Նոյեմբերի վերջին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի ազգային հաշիվներ 2016»-ը: Ազգային հաշիվների ցուցանիշները (ՀՆԱ (համախառն ներքին արդյունք), ՀԱԵ (համախառն ազգային եկամուտ), սպառում, խնայողություն և այլն) կարևոր չափորոշիչներ են, որոնք տնտեսական քաղաքականություն իրականացնողներն օգտագործում են` պլանավորելու և գնահատելու իրենց վարած քաղաքականությունը, իսկ միջազգային կազմակերպությունները` համադրելու տնտեսական զարգացումները երկրների միջև:
Ներկայացնենք ազգային հաշիվների մի քանի ցուցանիշները և դրանց կառուցվածքը: Եվ այսպես, Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թ. կազմել է 5 տրիլիոն 32 միլիարդ դրամ (10 միլիարդ 529 միլիոն դոլար), որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 միլիոն 674 հազար դրամ (3504 դոլար):
Թեև 2012-2015 թթ. ընթացքում ՀՆԱ-ն և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դրամով արտահայտված աճել են, սակայն դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի նվազման հետևանքով երկու ցուցանիշներն էլ անկում են գրանցել (2012-ին ՀՆԱ-ն կազմել է 10 միլիարդ 619 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 3512 դոլար, 2013-ին` 11 միլիարդ 121 միլիոն դոլար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 3680 դոլար, իսկ 2014-ին` 11 միլիարդ 610 միլիոն դոլար և 3852 դոլար, համապատասխանաբար):
Հիշեցնենք, որ 1 ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքը 2012-ին կազմում էր 401 դրամ, իսկ արդեն 2015-ին` 478 դրամ: ՀՆԱ-ի իրական աճը նախորդ տարվա համեմատ կազմել էր 3%:
Համախառն ներքին արդյունքի արտադրության կառուցվածքը, ըստ եռամսյակների, ամենամեծ մասնաբաժին ապահովվել է չորրորդ եռամսյակում, որը կազմել է 30,4% (երրորդ եռամսյակում՝ 30,3%, երկրորդ եռամսյակում՝ 21,9% և առաջին եռամսյակում՝ 17,4%):
ՀՆԱ-ն ըստ տնտեսական գործունեության տեսակների ունեցել է հետևյալ կառուցվածքը. գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն` 17,3%, արդյունաբերություն՝ 16,3%, շինարարություն՝ 9,5%, առևտուր և ծառայություններ` 48,1%։ Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները կազմել են -1,8%: Միաժամանակ, ՀՆԱ-ի կառուցվածքում արտադրանքի զուտ հարկերը կազմել են 10,6%, իսկ ավելացված արժեքը՝ 89,4%:
Նշենք, որ հանքագործական արդյունաբերությունը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմել է 2,1%, մշակող արդյունաբերությունը՝ 9,3%, իսկ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ 4,5%:
ՀՆԱ-ն եկամուտների օգտագործման եղանակով կամ ծախսային եղանակով հաշվարկված ունի հետևյալ կառուցվածքը. ապրանքների և ծառայությունների վերջնական սպառման ծախսերը` 91,2% (որից տնային տնտեսությունները` 77,7%, իսկ պետական հիմնարկների սպառման ծախսերը՝ 13,1%), համախառն կուտակումը` 20,8%, ապրանքների և ծառայությունների զուտ արտահանումը՝ -12,2%: Նախորդ` 2014 թ. համեմատությամբ, ՀՆԱ-ի կառուցվածքում 6%-ով նվազել է զուտ արտահանման մասնաբաժինը, սակայն նույնքան էլ նվազել էր վերջնական սպառման ծախսերի մասնաբաժինը թե´ տոկոսային և թե´արժեքային արտահայտությամբ, իսկ համախառն կուտակումը գրեթե նույնն էր մնացել ՀՆԱ-ի կառուցվածքում տոկոսային արտահայտությամբ, սակայն աճել է արժեքային արտահայտությամբ 38 միլիարդ դրամով` հասնելով 1 տրիլիոն 45 միլիարդ դրամի: Ապրանքների և ծառայությունների զուտ արտահանումը եթե 2014-ին կազմել էր -892,4 միլիարդ դրամ, ապա 2015 թ. այն կրճատվել էր` հասնելով -612,1 միլիարդ դրամի: Դա, իր հերթին, պայմանավորված էր արտահանման աճի և ներմուծման կրճատման արդյունքով:
2016 թ. համար կարելի է ասել, որ համախառն կուտակումը տոկոսային արտահայտությամբ կնվազի ՀՆԱ-ի կառուցվածքում, որի արդյունքում կրկին կավելանան վերջնական սպառման ծախսերը:
ՀՆԱ—ի հաշվարկն ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների ընթացիկ գներով, տրված 2014-ի համար, ունեցել է հետևյալ կառուցվածքը. վարձու աշխատողների աշխատանքի վարձատրություն՝ 38,1%, արտադրության և ներմուծման հարկեր՝ 2,1%, տնտեսության զուտ շահույթ և զուտ խառը եկամուտներ՝ 45,5% և հիմնական կապիտալի սպառում՝ 14,3%:
Տրված են նաև ազգային հաշիվների մյուս բաղադրիչների արդյունքները 2012-2014 թթ. համար: 2014 թ. ՀՆԱ-ն կազմել էր 4 տրիլիոն 828,6 միլիարդ դրամ, համախառն ազգային եկամուտը՝ 5 տրիլոն 60 միլիարդ դրամ, զուտ ազգային եկամուտը (ԶԱԵ)` 4 տրիլիոն 445 միլիարդ դրամ, զուտ ազգային տնօրինվող եկամուտը ՝ 4 տրիլիոն 754 միլիարդ դրամ:
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ