տուն Լուրեր Տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա միջազգային փառատոններում

Տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա միջազգային փառատոններում

182
0

65

Տիկնիկային թատրոնը 2017 թվականին ներկայացումներով հանդես կգա ՀՀ մարզերում և կմասնակցի միջազգային մի շարք թատերական փառատոնների: Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թատրոնը «Մշակութային կանգառ» նախագծի շրջանակում եղել է ՀՀ տարբեր մարզերում: Այն օրեր առաջ է վերադարձել Նոյեմբերյանից ու Բերդավանից: Ներկայացումներն անցել են լեփ­լեցուն դահլիճներում: «Հայաստանի բոլոր բնակիչները, անկախ իրենց բնակության վայրից, պետք է մասնակից լինեն մշակութային կյանքին: Շուտով հյուրախաղերով հանդես կգանք Լճաշեն գյուղում, Կապանում, Վայոց ձորի մարզում և Արցախում. բեմադրություններ կներկայացնենք նաև Արցախի զորամասերում»,-­«Արմենպրես»- ­ի հաղորդմամբ` նշեց Բաբայանը: Նրա խոսքով` ապրիլի 12­-ին Սանկտ­Պետերբուրգում կայանալիք «Բալթյան տուն» միջազգային թատերական փառատոնին կներկայանան տաղանդաշատ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Հովնան» բեմադրությամբ: «Ապրիլի 30­-ին Մոսկվայում կայանալիք «Քո հնարավորությունը» երիտասարդ ստեղծագործողների թատերական փառատոնում կխաղանք «The best of Shakespeare» գործը: Այնուհետև Պրահայում փոքրիկների համար հանդես կգանք «Մատնաչափիկը» բեմադրությամբ: Կլինենք նաև Իսպանիայում, Կիպրոսում, Կանադայում»,­ասաց նա: Անդրադառնալով Տիկնիկային թատրոնի խաղացանկին՝ Բաբայանն ընդգծեց, որ ներկայացումների պրեմիերաներ են սպասվում: «Մարտի 23-­ին տեղի կունենա Ն, Գոգոլի «Քիթը» ստեղծագործության հիման վրա արված ներկայացումը: Հեռանկարում են նաև Ղ. Աղայանի «Անահիտ»­ի բեմադրությունը և այլ բեմադրություններ»,­- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ռուբեն Բաբայանը թատերական արվեստում կարևորում է անսահման երևակայությունն ու տաղանդը` շեշտելով, որ պարտադիր է նաև մասնագիտական կրթությունը: «Թատրոնում ներգրավում ենք այն երիտասարդներին, ովքեր զգում են այսօրվա ժամանակը և չեն դոփում տեղում: Նշեմ, որ իմ ուսանողների դիպլոմային որոշ աշխատանքներ ընդգրկվել են նաև մեր խաղացանկում»,­ասաց նա: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-­ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը: 1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։