Հրապարակվել է Հայաստանում սպառողական գների ինդեքսը հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98,5%, այսինքն՝ տեղի է ունեցել գների նվազում, որին հիմնականում նպաստել են սպառման ապրանքների, պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների և ոգելից խմիչքների, ծխախոտի խմբերը:
Սրանցից ամենաշատը նվազել է պարենային ապրանքների և սպառման ապրանքների գների ինդեքսը, համապատասխանաբար՝ 96,2% և 96,9% ցուցանիշներով: Սակայն ծառայությունների գների ինդեքսը գրանցել է աճ 102,1% ցուցանիշով:
Նշենք, որ այս տարվա փետրվար-օգոստոս ամիսների ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս, սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա նկատմամբ անկում էր գրանցում, սակայն սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նկատվել է թույլ գնաճ՝ 0,1 և 0,5% ցուցանիշներով:
Իսկ սպառողական գների մակարդակը հոկտեմբերին, դեկտեմբերի նկատմամբ, նվազել է 3,1%-ով: Այսինքն՝ 2016 թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0,31%: Նախորդ տարվա հոկտեմբերին նույնպես գնանկում էր եղել, որը 2014 թ. դեկտեմբերի համեմատ կազմել էր 2,4%:
Ոչ պարենային ապրանքներից՝ 2016 թ. հոկտեմբերին, 2015 թ. հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 14,7% և 20,8%-ով, իսկ 2015 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 12,2% և 19,0% գնանկում: Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, այս վառելիքների գների մակարդակը նվազել է 3,2% և 1,7%-ով:
Պարենային ապրանքներից՝ շաքարավազի միջին գինը 2016 թ. հոկտեմբերին, 2015 թ. հոկտեմբերի համեմատ, աճել է 12,9%-ով, իսկ 2016 թ. սեպտեմբերի համեմատ՝ 2,9%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2016 թ. հոկտեմբերին, 2015 թ. հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 2,9% գնանկում, իսկ 2016 թ. սեպտեմբերի համեմատ` 0,2% գնաճ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016 թ. հոկտեմբերին, 2015 թ. հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 3,7% գնանկում, իսկ 2016 թ. սեպտեմբերի համեմատ՝ 6,2% գնաճ: Բանջարեղենից թանկացել են՝ ծաղկակաղամբը՝ 31%-ով, վարունգը՝ 20,2%-ով, սխտորը` 28,2%-ով: Սակայն էժանացել են՝ կաղամբը՝ 17,7%-ով, լոլիկը՝ 13,7%-ով, գազարը` 14,1%, կարտոֆիլը` 30%-ով:
Մրգի ապրանքախմբում 2016 թ. հոկտեմբերին, 2015 թ. հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 9,4% գնաճ, իսկ 2016 թ. սեպտեմբերի համեմատ` 0,2% գնաճ: Մրգերից աճ են գրանցել հիմնականում՝ խնձորը՝ 36,7%, տանձը՝ 38,2%, սալորը՝ 47,6%, խաղողը՝ 29,7%-ով: Էժանացել են ընկույզի միջուկը`4%, արքայախնձորը` 21%, նարինջը` 7,6%, կիտրոնը` 5,2%-ով:
Սպառողական գների ինդեքսը Եվրամիության և ԱՊՀ երկրներում
Ամբողջ աշխարհում գերիշխում են թույլ գնաճի, ինչպես նաև գնանկման միտումները: Սեպտեմբերին, դեկտեմբերի նկատմամբ, տեսնում ենք, որ ՍԳԻ-ը ԵՄ-ում կազմել է 100,4%, ընդ որում՝ ԵՄ մի քանի երկրներում նկատվել է գնանկում: Իսկ ԱՄՆ-ում այն կազմել է 102,1%:
Իսկ ահա ԱՊՀ երկրներում գնաճը մի փոքր բարձր է. Ռուսաստանում այն գրանցել է՝ 104,1%, Բելառուսում՝ 108,3%, Ուկրաինայում՝ 106,4%, Ղազախստանում՝ 105,6% արդյունք: Իսկ ահա Ղրղզստանում և Մոլդովայում գնանկում է` 97,5% և 99,3% ցուցանիշներով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանում նույնպես գնանկում էր գրանցվել՝ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ Հայաստանում գնաճի ինդեքսը գրանցել էր 96,3% ցուցանիշ: Իսկ հարևան Թուրքիայում սպառողական գների ինդեքսը կազմել է 104,8%, Վրաստանում՝ 99,8%, իսկ Ադրբեջանում՝ 111,2%:
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ