Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները, զրկված լինելով այդ երկրում որևէ կերպ գումար աշխատելու հնարավորությունից, հաճախ ստիպված են լինում վաճառել իրենց ներքին օրգանները:
Թուրքական Demokrathaber.net կայքը, վկայակոչելով թեմայի վերաբերյալ գերմանական ARD պետական հեռուստաընկերության ռեպորտաժը, գրում է, որ իրենց ներքին օրգանները վաճառել ցանկացող փախստականները գնորդներ են փնտրում համացանցում:
Ռեպորտաժը պատրաստողները, համացանցում տեղադրված հայտարարություններից մեկի հետքերով գնալով, գտել են Ահմեթ անունով մի սիրիացի փախստականի: Նա պատմել է հետևյալը. «Ես թուրքերեն չգիտեմ, ծանոթներ չունեմ, աշխատանք չունեմ, տուն չունեմ: Երիկամս վաճառում եմ, քանի որ ունեցածս խնդիրները լուծելու համար փող գտնելու այլ տարբերակ չունեմ»:
Նշվում է, որ տեղական «շուկայում» օրգաններ կարելի է գտնել 6-11 հազար դոլարով, իսկ օրգանների պատվաստմամբ զբաղվող մարդիկ դրանք առաջարկում են 30 հազար դոլարի սահմաններում:
Նշվում է, որ ավելի վաղ ներքին օրգանների վաճառքի դեպքեր էին հայտնաբերվել նաև Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների շրջանում: