Թուրքիայի խորհրդարանը (մեջլիսը) նախօրեին քվեարկությամբ ընդունել է զինծառայության մասին օրենքի նախագիծը, որով ամենամեծ փոփոխությունն է իրականացվելու զինծառայության համակարգում 1927-ից ի վեր: Օրենքն արդեն ստորագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Նոր կարգի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության ներկայիս ժամկետը՝ 12 ամիսը, նվազեցվում է 6 ամսի: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զորացրվելու են բոլոր այն զինվորները, որոնք արդեն 6 ամիս կամ ավել ծառայել են:
Նշվում է, որ այդ օրենքի արդյունքում զորացրվող զինծառայողների թիվը կկազմի 120-130 հազար:
Նոր օրենքով ևս մեկ կարևոր փոփոխություն է կատարվում. այլընտրանքային զինծառայության այն տեսակը, ըստ որի՝ օրինական վճարի դիմաց ազատվում էին պարտադիր ժամկետային զինծառայությունից, այսուհետև գործելու է մշտապես: Իսկ նախկինում դա կիրառվում էր ժամանակ առ ժամանակ: