«Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական կազմակերպությունը ցանկանում է ներկայացուցչություն հիմնել Թուրքիայում: Այս մասին հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Երկուշաբթի Կատարն արտաքսել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության մի շարք առաջնորդների, ովքեր Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ապաստան էին գտել այդ երկրում: Այժմ նրանք իրենց համար նոր կենտրոնատեղի են փնտրում, և դա, ամենայն հավանականությամբ, կլինի Թուրքիան», — նշում է աղբյուրն՝ ընդգծելով, որ արդեն իսկ այդ երկրում են գտնվում խմբավորման մի քանի ազդեցիկ անդամներ:
«Մուսուլման եղբայրները» միջազգային կրոնաքաղաքական միավորում է, որ ստեղծվել է 1928թ.-ին: Տարածաշրջանի շատ երկրներում դրա գործունեությունն արգելված է: Ներկայումս ԱՄՆ-ը միջազգային կոալիցիա է ձևավորում՝ նպատակ ունենալով պայքարել ահաբեկչության, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, որ, գործելով Իրաքում ու Սիրիայում, սպառնում է ողջ Մերձավոր Արևելքի կայունությանը: Բացի ԻՊ-ից «ահաբեկչություն» սահմանման տակ հասկացվում են մի շարք այլ խմբավորումներ, որոնց թվում է նաև «Մուսուլման եղբայրները»: