Անկարայի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում Թուրքիայում արգելված «By Lock» բջջային հավելվածն օգտագործելու մեջ մեղադրվող 47 անձանց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Նրանցից 25-ն արդեն բերման են ենթարկվել:
Կասկածյալների թվում են Թուրքիայի առողջապահության նախարարության և մասնավոր հիվանդանոցների 14 աշխատակից, Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության՝ աշխատանքից ազատված 27 աշխատակից, ազգային կրթության նախարարության 3 նախկին աշխատակից, փակված կազմակերպության նախկին 2 ղեկավար, ինչպես նաև փակված լրատվական կազմակերպության 1 թղթակից:
Նշենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Թուրքիայում համարվում է, որ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջինիս առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Թուրքական իշխանությունները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին, բայց ապարդյուն:
Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am