տուն Լուրեր Թուրքիան սև օրեր է ապրում. Կարո Փայլան

Թուրքիան սև օրեր է ապրում. Կարո Փայլան

104
0

13493646_1342633589100118_439718080_o

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում «Ալիք մեդիայի» եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի խորհրդարանում իր հայտնի ելույթի և դրա հետևանքների մասին:

Հիշեցնենք` Փայլանը մեկ առ մեկ ընթերցել էր 1915-ին Թուրքիայում սպանված հայ պատգամավորների անունները` ցուցադրելով նրանց նկարները: Պատգամավորն ասում է` թուրք ժողովուրդը ոչինչ չգիտի իր պատմության ու անցյալի մասին, Թուրքիան ստեղծվել է մեծ ստի և հանցանքի վրա. «Թուրքերը հայերի մասին մեկ նախադասություն գիտեն` նրանք դավաճաններ են, դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց հեռու ուղարկել: Նրանք չգիտեն, թե ինչ են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին: Ես ցանկանում էի ցույց տալ, որ այս երկրում եղել են հայ պատգամավորներ, և նրանց երազանքը միասին, խաղաղ ապրելն էր: Նրանք ուզում էին գտնել միասին ապրելու եղանակը»:

Փայլանի խոսքով` հայտնի ելույթից հետո շատ պատգամավորներ մոտեցել ու զարմացած հարցրել են` իսկապե՞ս հայ պատգամավորներ է ունեցել Մեջլիսը: Ըստ Փայլանի, իր ելույթի` Թուրքիայում, Հայաստանում և հայկական սփյուռքում մեծ արձագանքի պատճառն այն է, որ իրենց հաջողվեց ապացուցել այն, որ ոչ թե հայերն են դավաճանել, այլ թուրքերն են գետնով տվել միասին ապրելու երազանքը: «Ալիքի» այն հարցին` արդյոք Թուրքիայի խնդիրը, ծայրահեղականությունից բացի, նաև գիտելիքի՞ պակասն է, պատգամավորը պատասխանում է. «Այո, դժբախտաբար այստեղ գիտելիքի լուրջ պակաս կա: Նրանք թաքցնում են անցյալը, չեն ցանկանում բացել «սև արկղը», իսկ մենք պահանջում ենք բացել այն, թուրքերն ասում են, որ իրենք են այս երկրի հիմնադիր հերոսները, մինչդեռ մենք ասում ենք, որ նրանք Հայոց ցեղասպանությունն իրականացնողներն են: Սա լուրջ խնդիր է նրանց համար, քանի որ այս երկրում Թալեաթ, էնվեր փաշաները դեռ ապրում են: Արդեն 100 տարի է` մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Թալեաթ, Էնվեր , Ջեմալ փաշաները հերոսներ են»:

Պատգամավորն ասում է, որ իրենք ջանում են այս մտածողությունը փոխել` ոչ միայն հայերի, այլև բոլորի համար: Նա այն համոզմունքին է, որ քրդերը հարյուր տարի անց անցնում են նույնի միջով` միայն այն պատճառով, որ Թուրքիան չի ընդունել հանցանքը, ինչն էլ թույլ է տալիս շարունակել հանցագործությունը: Փայլանն անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման շուրջ ծավալվող զարգացումներին: Պատգամավորը բանաձևի կարևորությունը տեսնում է այն տեսանկյունից, որ Գերմանիան, որն Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր, այսկերպ փաստացի ընդունում է մեղսակցության իր բաժինը` Թուրքիային ևս կոչ անելով առերեսվելու սեփական անցյալի հետ.

«Թուրքիայի վարչապետը, ցավոք, սարսափելի պատասխան տվեց, հատկապես Օզդեմիրի մասին, թե պետք է նրա արյունը լաբորատորիայում ստուգել: Դա նացիստական պատասխան էր: Այսօր Թուրքիան սև օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Ազգայնական, ծայրահեղական, իսլամական գաղափարներ ունեցողների ջրերը սկսել են կրկին նույն առվով հոսել»: Պատգամավորի համոզմամբ` Թուրքիայի իշխանություններն այսօր Եվրամիության մասին «շատ չեն մտածում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում