Թուրքիայի իշխանությունները որոշել են վիզային ռեժիմ սահմանել աշխատանքի նպատակով Ռուսաստանից Թուրքիա մեկնող լրագրողների համար: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հատուկ կանոններ էին սահմանել Թուրքիայի տարածքում աշխատելու ցանկություն ունեցող ռուսաստանցի լրագրողների համար:
Թուրքիան փետրվարի 15-ից վիզային ռեժիմ է սահմանելու բոլոր ռուսական լրատվամիջոցների աշխատակիցների համար, այս մասին «ՌԲԿ»-ին հայտնել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատնից: Դիվանագիտական առաքելության ներկայացուցչի խոսքով ռուս լրագրողների համար վիզային ռեժիմ սահմանելով՝ Թուրքիան առաջնորդվում է փոխադարձության սկզբունքով, հայտնել է «ՌԲԿ»-ն:
«Հիմք ընդունելով փոխադարձության սկզբունքը՝ բոլոր ռուսաստանյան լրատվամիջոցների աշխատակիցները, որոնք 2016 թ. փետրվարի 15-ից հետո դեպի Թուրքիա լրագրողական գործուղում են ծրագրում, որի տեւողությունը չի գերազանցելու վեց ամիսը, պետք է «լրագրողների համար մուտքի արտոնագիր» ձեւակերպեն »,- հայտնել է Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Հիմա, անցած տարվա վերջին սահմանված կանոնների համաձայն, աշխատանքի թույլատվություն ստանալու համար լրագրողները պետք է դիվանագիտական առաքելությանը ներկայացնեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում լրատվամիջոցի ղեկավարության կողմից նամակ՝ թուրքերեն կամ անգլերեն, որտեղ պետք է նշված լինեն այցելության նպատակը, վայրն ու ժամկետները, նաեւ այն մարդկանց անունները, որոնցից նրանք մտադիր են հարցազրույց վերցնել: