Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից : Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարությամբ էր հանդես եկել, որն առնչվում էր հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն: Շարմազանովը նշեց, որ Չավուշօղլուն մի երկրի ներկայացուցիչ է, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը. «Թուրքիան անելիք չունի այստեղ, եւ այդ երկիրը մի օր, ուզի, թե չուզի, պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես միջազգային սուբյեկտ, որովհետեւ աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով: Եւ եթե խոսում է օկուպացիայից, պետք է օր առաջ դուրս բերի իր զորքերը օկուպացված Կիպրոսից»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ում գտնվող հայերի վարորդական իրավունքների չեղարկման հարցին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ այդ հարցը բոլոր մակարդակներով բարձրացվել է, ԵԱՏՄ-ն նույնպես դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն լինի Հայաստանի քաղաքացիների համար:
«Այո, բոլոր միություններում կան խնդիրներ, բայց դրանցով հանդերձ ԵԱՏՄ-ին անդամակցությունն այսօր այլընտրանք չունի: Այն խոսակցությունները, թե Հայաստանը պետք է դուրս գա Միությունից, դրանք չեն բխում մեր տնտեսական շահերից: Ի վերջո Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևէ պետությանը լավություն անելու համար, սա արել ենք՝ հաշվի առնելով մեր պետական շահը»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: