Կատարի տարածքում կտեղակայվեն ոչ միայն թուրքական ցամաքային ուժերի ստորաբաժանումները, այլև Թուրքիայի ռազմածովային և օդային ուժերը: Այդ մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը՝ հղում անելով Hürriyet-ին:
Աղբյուրը նշում է, որ 2015թ. թուրք-կատարյան ռազմական պայմանագրով՝ Դոհայի ռազմաբազայում թուրք մասնագետները միայն պետք է վերապատրաստեին Կատարի ժանդարմերիայի ներկայացուցիչներին, այնուամենայնիվ, պաշտոնական Դոհայի շուրջ ստեղծված լարված իրավիճակում թուրքական ռազմական ինքնաթիռների և նավերի ներկայությունը անհրաժեշտություն է:
Նշվում է, որ նախնականորեն Կատար կուղարկվի 90 թուրք զինվոր, իսկ առաջիկա երկու ամիսներին ծրագրվում է ուղարկել 200-250 զինվոր: Թուրք զինվորների և օդային ուժերի տեղակայման հետ կապված առաջիկա օրերին Կատար է մեկնելու թուրքական հատուկ պատվիրակություն՝ տեղանքում համապատասխան ոսումնասիրություններ կատարելու համար: Ավելի ուշ նպատակ է դրվելու մեծացնել թուրք զինվորների թվաքանակը:
Թուրքիայի կառավարության առաջարկով խորհրդարանի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման է դրվել Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին 2015թ. կնքված համաձայնագիրը: Վերջինս խորհրդարանի կողմից ընդունվել է, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ այն վավերացրել է: