Գերմանացի պատգամավորների այցը Քոնյայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա չեղարկվել է թուրքական իշխանությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:
Հուլիսի 17-ին նախատեսված այցի չեղարկումը բուռն արձագանք է առաջացրել Գերմանիայում: Հատկապես խիստ դիրքորոշում են դրսևորել կոալիցիոն կառավարության անդամ սոցիալ դեմոկրատները և ընդդիմադիր քաղաքական ուժերը:
«Եթե չկա այցի թույլտվություն, ուրեմն գերմանացի զինվորները չեն կարող մնալ Քոնյայում», — հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը : Նման տեսակետ է հայտնել նաև «Ձախերի» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը.« Չկա այց, չկա Քոնյա»:
Իսկ «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Յուրգեն Հարդը և պաշտպանական քաղաքականության հարցերով խոսնակ Հենինգ Օտտեն վտանգավոր են համարել գերմանացի զինվորների դուրսբերումը Քոնյայից:
Նրանք հիշեցրել են, որ Թուրքիայում այդ ուժերի ներկայությունը չի սահմանափակվում թուրք-գերամանական շահերով. Քոնյայում տեղակայված գերմանական զինուժը մասնակցում է «Իսլամական պետության» դեմ ՆԱՏՕ-ի իրականացրած առաքելություններին: Օտտեն և Հարդը կարծիք են հայտնել, որ պետք չէ համեմատություն անցկացնել Քոնյայի և Ինջիրլիքի ռազմաբազաների միջև: Ինջիրլիքից, ինչպես հայտնի է, գերմանական ուժերը արդեն դուրս են բերվում:
Աղբյուր` Ermenihaber.am