Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էրդողանը ապրիլի 13-ի երեկոյան հանդիպել են Ստամբուլում՝ Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովի շեմին: Այդ օրը Էրդողանը հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։
Սրանք պատահակա՞ն հանդիպումներ էին, թե նպատակն այլ էր և ինչ պետք է սպասել նշված երկրների ջերմ հարաբերություններից: Հարցերին araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Մենք շատ վաղուց գիտեինք, որ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերությունները եղբայրական են: Դա բացատրվում է երկու նախագահների՝ այս պարագայում՝ Եվրոպայի վերջին դիկտատորի՝ Լուկաշենկոյի և Կովկասում իրեն լրիվ սուլթանի տեղ դրած Ալիևի հարաբերություննրով: Երբեք պետք չէ մոռանալ, որ ժամանակին, երբ Ռուսաստանը պահանջում էր Բելառուսից վճարել գազի պարտքը, նույն Իլհամ Ալիևը ընկերական մեթոդներով՝ ոչ թե հատուկ փոխանցումներ արվեցին կամ պարտք ձևակերպվեց, այլ հենց այնպես 300 մլն դոլարից ավել գումար տվեց և մի քանի օր հետո Բելառուսն այդ գումարը հետ վերադարձրեց: Մենք պետք է շատ վաղուց հասկանայինք, որ Բելառուսը որքան էլ ուզում է ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ լինել, ինքը երբևիցե դաշնակից չի կարող լինել Հայաստանին»:
Քաղաքագետ Համբարյանը նաև աբսուրդ է համարում այն փաստը, որ գրեթե մահմեդական բնակչություն չունեցող Բելառուսը դառնում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության դիտորդ:
Երկրների համագործակցությունը զարմանալի չէ, բայց զարմանալի է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը: Քաղաքագետը նշեց, որ մեր կողմը բավարարվեց միայն Բելառուսի դեսպանին նախարարություն կանչելով, մինչդեռ պետք էր բողոքի նոտա հղել.«Երբ Բելառուսն այս չորսօրյա պատերազմի ժամանակ հակահայկական ելույթով հանդես եկավ, մենք դրան արձագանքեցինք ընդամենը Բելառուսի դեսպանին ՀՀ արտաքին գործերի նախարարություն կանչելով, բայց ամենաքիչը՝ պետք է բողոքի նոտա հղեինք Բելառուսի ԱԳ նախարարությանը, ամենաշատը՝ այնտեղից հետ կանչեինք մեր դեսպանին, որպեսզի Բելառուսը հասկանար, որ այսպիսի դեպքերում հակադարձ հարված է լինում: Քանի դեռ մենք չենք հակադարձում, իրենք ինչ ցանկանան՝ կանեն: Այս պատերազմական օրերը ցույց տվեց, թե մենք ինչ բարեկամներ ունենք այդ «փուչիկ» ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում. պարզվեց՝ ոչ մի բարեկամ էլ չունենք:
Ինչ վերաբերում է Բելառուսի հետ հարաբերություններում Թուրքիայի նպատակներին՝ Գագիկ Համբարյանը նշեց.«Երբ անցած տարի՝ նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժը խոցեց ռուսական ռազմական օդանավը, ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացան: Հիմա Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղի ռուս-թուրքական հարաբերություններից և Սիրիայից: Այդ օրվանից մինչև հիմա Թուրքիան Ռուսաստանի սահմանային երկրների հետ փորձում է շատ սերտ հարաբերություններ հաստատել և նյարդայնացնել Ռուսաստանին՝ վարելով շատ վտանգավոր հակառուսական քաղաքականություն»:
Գագիկ Համբարյանը նաև հավելեց, որ երեք երկրների սերտ հարաբերություններն արդեն իրենց վատ ազդեցությունն ունեցել են Հայաստանի վրա.«Առաջին հարվածը հենց Հայաստանինն էր, երբ Բելառուսի արտգործնախարարությունը միակողմանի և հակահայ հայտարարությամբ հանդես եկավ՝ չորսօրյա պատերազմի ժամանակ, որի դիմաց հայկական իշխանությունները գրեթե ոչինչ չարեցին»: