տուն Լուրեր Թուրքիա-Ռուսաստան` նորացվող եղբայրությո՞ւն, թե՞ մերժված բախտակիցներ

Թուրքիա-Ռուսաստան` նորացվող եղբայրությո՞ւն, թե՞ մերժված բախտակիցներ

168
0

putin erdo

Ռուս-թուրքական թնջուկը կարծես թե վերջապես մոտենում է իր հանգուցալուծմանը։ Ինչպես արդեն հայտնի է, Էրդողանը ուղերձ է հղել Պուտինին, որում, մասնավորապես, ցավ ու ափոսանք հայտնելուց զատ՝ Թուրքիայի նախագահը ներողությոուն է խնդրել անցած տարվա նոյեմբերի վերջին Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռուսական «ՍՈՒ-24»  ռմբակոծիչի խոցման և, ապա,  օդաչուի զոհվելու համար։

Միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները, գոնե արտաքուստ,  կտրուկ կերպով սրվել էին, և կողմերը հանդես էին գալիս իրար հաջորդող մեղադրանքի նոտաներով։ Սակայն հասկանալի էր, որ ռուս-թուրքական շահերի բախման համար օդաչուի սպանությունն ու ինքնաթիռի խոցումն ընդամենն առիթ էին, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանն իրենց նախագծերն ու սպասելիքներն ունեին սիրիական խնդրից, և այս տեսանկյունից՝ Ռուսաստանի ներքաշումը սիրիական խնդրի մեջ  Թուրքիան, կարծես թե, ընդունեց որպես  մարտահրավեր իր հետապնդած նպատակներին և շահերին։

Սակայն, ինչևէ, ներկայում արդեն, Էրդողանի ներողությունն արդեն իսկ նշանակում է, որ ռուս-թուրքական բարեկամությունը շարունակում է անխափան մնալ։ Ըստ էության, նման զարգացումն առավել քան կանխատեսելի էր, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան, կարծես թե, դարձել են բախտակից եղբայրներ Եվրոպայի հետ հարաբերություններում։ Ռուսների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, Թուրքիայի նկատմամբ՝ Գերմանիան է  ընդունում Հայոց Ցեղասպանությունը։ Այս ամենի հետ մեկտեղ՝ Էրդողանի բավական արկածախնդիր քաղաքական կուրսի արդյունքում, Թուրքիան հասցրել է փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև  եվրոպական այլ երկրների հետ։ Ստեղծված իրավիճակում, ըստ էության, Թուրքիային չէր մնում այլ բան, քան վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, մանավանդ որ դեռևս օրակարգում է «Թուրքական Հոսք» հսկայական նախագիծը, որի չեղարկումը հակասում է և´ Թուրքիայի, և´ Ռուսաստանի շահերին։

Ռուսաստանն, իր հերթին, չնայած արտաքին խստությանն ու Թուրքիային ուղղված մեղադրանքներին, երբեք էլ իրական սրացման չգնաց Թուրքիայի հետ, քանի որ ռուսների համար ևս շատ հստակ էր, որ Թուրքիան, անկախ իրենց հետ ունեցած որոշակի հակասություններից, միակ դաշնակիցն է ընդդեմ Եվրոպայի։  Ի դեպ, այս փաստը հայաստանյան մի մի շարք քաղաքական շրջանակներ այդպես էլ չկարողացան լիովին գիտակցել և անհիմն ու ռոմանտիկ էյֆորիայի մեջ էին հայտնվել ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից՝ պատրաստվելով արդեն ետ նվաճել Արևմտյան Հայաստանը։

Սակայն, հարկ է նաև նշել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի շահերի վրա, եւ այդ անդրադարձը երկակի է լինելու։ Նախ՝ ռուս-թուրքական հարաբերությունների  հարաբերական կայունությունը ինչ-որ չափով  կնվազեցնի Թուրքիայի կողմից Ադրբեջանի հրահրումները հայ-ադրբեջանական շփման գծում, քանի որ, հակառակ դեպքում, Թուրքիան երբեմն բացահայտ կերպով հրահրել է Ադրբեջանին՝ ցանկանալով որոշակի դիվիդենտներ շահել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթակներում։  Տարածաշրջանի համար ցանկացած սրացում վտանգավոր է, և այս դեպքում ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական իրողություն է։

Սակայն, մյուս կողմից,  հարյուրամյակների պատմություն ունեն դեպքերը, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային ու պետական շահերը մշտապես զոհ են գնացել ռուս-թուրքական հարաբերություններին և այս տեսանկյունից  ուղղակի հրատապ է մշտական զգոնությունն ու ուշադրությունը՝ ռուս-թուրքական հարաբերությունների թե սրացման, թե կարգավորման նկատմամբ, քանի որ, ինչպես ցույց տվեցին նաև ապրիլյան պատերազմական գործողություններն ու դրանց նախորդող ու հաջորդող իրողությունները՝ Ռուսաստանը չափազանց անվստահելի դաշնակից է։