Թուրքիային սահմանակից սիրիական Թել Աբյադ քաղաքի մոտակայքում 500 մ երկարությամբ թունել է հայտնաբերվել, որը ձգվում է մինչեւ թուրք-սիրիական Աքչաքալա սահմանային անցակետ: Թունելը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ շրջանը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թեւ հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) զինված ստորաբաժանումները եւ Սիրիայի ազատ բանակին կից «Բուրքան ալ Ֆըռաթ» ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկներից մաքրել են տվյալ տարածքը:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, հղում կատարելով քրդական Hawar լրատվական գործակալությանը, հայտնում է, որ թունելը փորել են ԻՊ-ի մարտիկները` ինչպես օդային հարձակումներից պաշտպանվելու, այնպես էլ Թուրքիայի սահմանը հատելու գաղտնի գիծ օգտագործելու նպատակով: Ենթադրվում է, որ ԻՊ-ն նպատակ ուներ Թել Աբյադ քաղաքից թունելով միանալ Թուրքիայի տարածքին` սեփական ռազմական եւ կենսական կարիքները հոգալու համար:
Թունելի բարձրությունը 2 մ է, լայնությունը` 1,5 մ, խորությունը` 3 մ:
Նշվում է, որ ԻՊ-ի մարտիկները Ալ Աբյադի տարածքում, հատկապես, կենտրոնում նման մի քանի թունելներ են փորել, հավանաբար, հետագայում դրանք իրար միացնելով Թուրքիայի տարածքի հետ գաղտնի կապ հաստատելու համար: Ամենայն հավանականությամբ, ԻՊ-ն մտադիր է եղել Ալ Աբյադը դարձնել իր ռազմավարական կենտրոններից մեկը, ինչը սակայն, խանգարել են քրդական ուժերը` մաքրելով քաղաքն ահաբեկիչներից: