Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր Արցախի դիմորդների համար տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հերթական ներկայացումը:
Հանդիպումը վարել է «UWC Dilijan» քոլեջի տնօրեն Դենիս Դեվիդսոնը, ով ներկայացրել է կրթօջախի պատմությունը, նրա առանձնահատկություններն ու առավելությունները, ինչպես նաև ընդունվելու կարգը: 2002-2003 թվականներին ծնված երեխաները, ովքեր հետաքրքված են Դիլիջանի դպրոցով, քննարկման ընթացքում իրենց հուզող հարցերի մասին ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դենիս Դեվիդսոնն ասել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցի առաքելությունն է կրթել ու դաստիարակել բարձր ինտելեկտ ունեցող սերունդների: «Մեր դպրոցի կրթությունը տարբերվում է դասական կրթությունից. այն փոփոխվող է, և մենք հետևում ենք կրթական համակարգի շարժին՝ ժամանակի հետ համընթաց քայլելու համար,-նշել է Դ. Դեվիդսոնը և հավելել,- Թումոն և «UWC Dilijan»-ը համագործակցում են:Որպես կրթարան՝ մենք վստահում ենք այս կետրոնին. այստեղից մենք կարողանում ենք ընտրել բացառիկ ուսանողներ: Արցախից ունենք 2 ուսանող՝ Դիլիջանի քոլեջում սովորող Շուշանիկ Հայրիյանը և Թայլանդում սովսորող Լաուրա Ավետիսյանը»:
Խոսելով հայ ուսանողների մասին՝ Դ. Դեվիդսոնը նաև նշել է, որ հայ ուսանողներն իրենց ձգտումներով, սովորելու առումով և այլ հատկանիշներով յուրահատուկ են:
«Հայ ուսանողների մեջ նկատել եմ նվիրվածություն և պատրաստակամություն՝ դպրոցից հնարավորինս ավելի շատ գիտելիքներ ստանալու, որ կարողանան հետագայում իրենց ձեռք բերած փորձն ու մասնագիտական հմտությունները ծառայեցնեն հայրենիքի զարգացման գործին: Ուրախ ենք, որ մենք ևս կարողանաում ենք մեր մասնակցությունը բերել Դիլիջանի, Երևանի և Արցախի զարգացմանը»,-ընդգծել է քոլեջի տնօրենը: