Մամուլում գրվեց, որ ՀՀ վարչապատի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն օրերս իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին և գրեթե սպառնալից տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում Աշտարակ Կաթ ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։
Հանդիպման մասին տեղեկությունները չի հերքել նաև հենց Գևորգ Աճեմյանը, հայտարելով, որ ինքը ոչ թե «բիզնես խլելու» փորձ է արել, այլ տեղեկատվական բնույթի հանդիպում է տեղի ունեցել: Կարևոր մի հանգամանք էլ կա, որի մասին կցանկանայինք նշել. «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատերը «Կյանքի խոսք» ավետարանչական եկեղեցու անդամ է, որի անդամ է նաև վարչապետիի աշխատակազմի գործերի կառավարիչը:
Ստացվում է, որ Գևորգ Աճեմյանը, լինելով վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ, օգտվելով իր այսօրվա պաշտոնեական դիրքից, փորձել «հարցեր լուծել», և բիզնեսի բրենդը հետ վերադարձնել մի քանի միլիոն դոլարի պարտքերի մեջ խրված, բայց իր մտերիմ Ափոյանին:
Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կառավարության օրոք, բիզնեսներ չեն «խլվելու» և հովանավորչություն չի լինելու: Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ նախորդ կառավարությունների կատարած ապօրինություններն իր օրոք չեն լինելու, և հակառակը՝ իր իշխանության օրոք Հայաստանում իշխելու է բացառապես օրենքի գերակայությունը:
Ստացվում է, որ Գևորգ Աճեմյանն իր այս քայլով դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, և եթե այս տեղեկատվություններն իրական են, ուրեմն նոր կառավարությունում ունենք Նիկոլ Փաշինյանի թշնամի, որը անաղարտ իշխանության անվան հետ է խաղում:
Սա դատապարտման արժանի արարք է, քանի որ հայ ժողովուրդն իր պայքարով հենց հովանավորչությանն ու բիզնես խլելու դեմ էր պայքարում: Նման երևույթները պետք է «խեղդվեն» օրորոցում, այլապես վաղն ուշ է լինելու: Պետք չէ պղծել այն մաքուր հեղափոխոթւյունը, որն արեց մի ամբողջ ժողովուրդ, հանուն վաղվա ապագայի:
Հարություն Մկրտչյան