ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 290 ձայն, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին՝ նշեց, որ ընտրություններն արտացոլում են ԱՄՆ ժողովրդի քաղաքական ցանկությունները: «Որեւէ մեկը կասկած չունի, որ դրանք օրինական են եղել, որ դրանք արդար են եւ այլն, դա միանշանակ է: Ուրիշ բան, որ քաղաքագետների մեծ մասի համար, դատելով նրանց վերլուծություններից, դա անսպասելի էր»,- ասաց Պապյանը, հավելելով, որ շատերն այն համոզմանն էին, որ ընտրություններում կհաղթի Հիլարի Քլինթոնը:
Քաղաքագետի խոսքով՝ այս ամենը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ժողովրդավարական երկիր: «Որեւէ մեկի մտքով չի անցնում, որ կառավարող կուսակցությունը՝ դեմոկրատների նախագահը, ինչ-որ ձեւով միջամտեր ընտրություններին: Սա ամերիկյան ժողովրդի հաղթանակն է, բայց աշխարհի համար ի՞նչ հետեւանքներ կունենա, մի փոքր պետք է սպասենք, երբ Թրամփն ավելի կհստակեցնի իր արտաքին քաղաքական գիծը»,- ասաց Պապյանը: Նրա խոսքով՝ Թրամփն ավելի մեկուսացման կողմնակից է:
Մեր հարցին, թե հայաստանյան իրականությունում ինչ կարող է փոխվել, նկատի ունենալով, որ Թրամփը ավելի շատ ռուսական ուղղվածություն ունի, քաղաքագետ Արա Պապյանը նշեց, թե չի կարծում, որ դա այդպես է: «Թրամփը շատ պրագմատիկ, բիզնեսմեն մարդ է: Պարզապես ինքը գտնում էր, որ որոշ հարցերում պետք է համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, Սիրիայի հարցում, եւ, կարծում եմ՝ դա ճիշտ է: Այսինքն՝ ինքը մտածում էր. եթե կարելի է կեղտոտ գործն անել ուրիշի ձեռքով, ուրիշի արյունով, ինչո՞ւ պետք է անի Ամերիկան»,- ասաց Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այստեղ եւս պետք է սպասել, քանի որ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միայն նախագահի մակարդակով չեն որոշվում: «Թրամփի մի միտքը մեզ համար հետաքրքիր էր. նա ասում էր, որ պատժելու է Ամերիկայի այն դաշնակիցներին, որոնք Ամերիկայի նկատմամբ իրենց ճիշտ չեն պահում, կարելի է ենթադրել, որ Թուրքիային է նաեւ վերաբերում»,- ասաց քաղաքագետը, մեկ անգամ եւս ընդգծելով, որ պետք է սպասել, քանի որ կա փորձ, որ նախընտրական շրջանում թեկնածուները ասում են մեկ բան, ընտրվելուց հետո՝ անում հակառակը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը եւ, մասնավորապես, ոճրագործության փաստի նկատմամբ ԱՄՆ-ի նոր նախագահի դիրքորոշմանը, ապա քաղաքագետը նշեց. «Թրամփը դրա մասին երբեք չի խոսել: Կարծում եմ՝ անգամ Թրամփը չգիտի՝ ինչ բան է Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան վաղուց ընդունել է Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակով. 51 թվականից՝ կառավարությունը, Ռեյգանի ժամանակ՝ նախագահները, եւ նաեւ՝ Դաշնային դատարանը: Հարյուր անգամ դրա մասին գրեցին, փաստաթղթերը հրապարակեցին, դա դիտավորյալ անտեսվում է, որովհետեւ շատ մարդկանց համար ձեռնտու է: Այսօր, ցավոք սրտի, շատ մարդկանց համար Ցեղասպանության ճանաչումը դարձել է զբաղմունք, իսկ ոմանց համար՝ բիզնես»:
Արա Պապյանն ասաց, թե վաղուց ժամանակն է փակել ճանաչման էջը եւ անցում կատարել պահանջատիրական դիրքորոշման, որի գործում ԱՄՆ-ն կարող է դերակատարություն ունենալ:
Փայլակ Ֆահրադյան