տուն Լուրեր Թրամփ-Փաշինյան հանդիպումը հնարավոր է. Արամ Բախշյան (Տեսանյութ)

Թրամփ-Փաշինյան հանդիպումը հնարավոր է. Արամ Բախշյան (Տեսանյութ)

177
0

Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հնարավոր հանդիպումից պետք չէ ակնկալել քաղաքական լուրջ շրջադարձ. այսպիսի գնահատական է տվել  հայ համայնքի հետ հանդիպմանը նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի և Բուշի աշխատակազմերի անդամ Արամ Բախշյանը: Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», Ա. Բախշյանը համոզմունք է հայտնել, որ դա հավանաբար քաղաքավարության հանդիպում կլինի, երկու կողմերից բարի կամքի դրսեւորման նշան, այլ ոչ թե քաղաքական նժարի լուրջ փոփոխություն:

Փորձառու մասնագետի խոսքով՝  Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե Հայաստանի արտգործնախարարությունն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարողանան նուրբ արարողակարգ մշակել.

«Հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաեւ հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսով, որևէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա: Ուստի, նման հանդիպումը, եթե այն տեղի ունենա, լինելու է բարի կամքի դրսևորում: Սակայն, չմոռանանք, որ այսօր առկա են բազմաթիվ այլ, ավելի սուր հարցեր այլ երկրների հետ, որոնք լուծում են պահանջում, ինչի արդյունքում բարի կամքի հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ, կրկնում եմ, որևէ ճգնաժամ երկու երկրների հարաբերություններում չկա»,- նշել է Սպիտակ Տան աշխատակիցը:

Այլ պետությունների ղեկավարներ, որոնք իրոք ունեն ԱՄՆ-ի հետ չկարգավորված հարցեր և ցանկանում են հանդիպել նախագահ Թրամփին, կարող են առաջ ընկնել, ընդգծում է Արամ Բախշյանը.

«Այս դեպքում, հարցը վերաբերում է այդ հանդիպումը նախապատրաստելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ունակությանը, քանի որ, սուր խնդիրների բացակայության պայմաններում բարի կամքի հանդիպումն այն հարցը չէ, որով պետք է մտահոգվեն անձամբ երկու պետությունների ղեկավարները»:

Նշենք, որ Նյու Յորքում սեպտեմբերի 24- 28-ն անցկացվելիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում անցկացնելու կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ և ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արամ Բախշյանի խոսքով սակայն, համաշխարհային ներկա իրավիճակում հնարավոր է, որ առօրյա թեժ խնդիրները թույլ չտան կողմերին բարի կամքի հանդիպում անցկացնել: