Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել ֆուտբոլասերներին՝ կոչ անելով գնալ մարզադաշտ և երկրպագել նախընտրած թիմերին.
Հուլիսին Երևանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների եզրափակիչ մրցաշարը, որի կազմակերպումը միջազգային փորձագետների, ՈւԵՖԱ-ի ղեկավարների կողմից արժանացավ ամենաբարձր գնահատականների: Հայաստանը, Երևանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարի ամբողջ ընթացքում եվրոպական ֆուտբոլի կենտրոններից մեկն էր: Այդ մրցաշարի դրական մթնոլորտը, բարձր կազմակերպվածությունը կարծես փոխանցվել է եվրագավաթներում հանդես եկող մեր թիմերին. «Արարատ Արմենիան» և «Փյունիկը» շարունակում են իրենց ելույթները, «Ալաշկերտն» էլ պայքարը լքեց արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելով: Եվրագավաթների պատմության ընթացքում արդեն այս պահի դրությամբ Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել և դեռ հույսեր կան, որ մեր թիմերը էլ ավելի կզարգացնեն այս հաջողությունները:
Արձանագրված դրական միտումները պետք է շարունակվեն նաև Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարում:
Կոչ եմ անում մեր թիմերին՝ մրցաշարի ընթացքում ներդնել իրենց ամբողջ կարողությունները, առաջնորդվել արդար խաղի, մրցակցի նկատմամբ հարգանքի սկզբունքներով:
Կոչ եմ անում ֆուտբոլասերներին՝ եկեք մարզադաշտ, երկրպագեք ձեր նախընտրած թիմերին:
Բարի երթ»: