Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անջատվել է sms հաղորդակցությունը, քանի որ սպասվում են զանգվածային հակակառավարական ակցիաներ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով Տաջիկստանի բջջային ամենախոշոր օպերատորին։
Այնտեղ ասել են, որ այդ անջատումը, հնարավոր է, կապված է «24-ի խումբ» ընդդիմադիր կազմակերպության կոչի հետ, որով քաղքացիները պետք է հավաքվեն մայրաքաղաքի կենտրոնում և պահանջեն նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժարականը։
«Հանրապետության ուժային կառույցները թույլ չեն տա հակասահմանադրական ոչ մի ցույց կամ երթ ո՛չ մայրաքղաքում և ո՛չ էլ այլ վայրերում, կկանխեն ցանկացած սադրանք, որը միտված է ապակայունացնելու իրավիճակը երկրում», — ասել է Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամազան Ռահիմզոդան։
Ավելի վաղ երկրում անջատվել էին խոշոր սոցցանցերը և մի շարք լրատվական կայքեր։