տուն Լուրեր «Թել-Սելը» և «Պրես Ստենդը» խորացնում են համագործակցությունը

«Թել-Սելը» և «Պրես Ստենդը» խորացնում են համագործակցությունը

135
0

«Թել-Սել» և «Պրես Ստենդ» ընկերությունները, հաճախորդներին նոր ու առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով, նախաձեռնեցին համատեղ նախագիծ՝ հնարավորություն տալով «Հայմամուլի» կրպակներում տեղադրված Telcell տերմինալների միջոցով վճարումներ կատարել և դրամ կանխիկացնել: Տեղադրված տերմինալների քանակը արդեն հատել է 100-ի սահմանագիծը:

Այդպիսով՝ «Հայմամուլի» կրպակներում հնարավոր է ոչ միայն ձեռք բերել թերթեր ու ամսագրեր, գրենական և այլ պիտույք, այլև Telcell տերմինալների միջոցով վճարումներ կատարել շուրջ 300 օպերատորների ծառայությունների դիմաց և ստանալ կանխիկ դրամ, այդ թվում՝ դրամական փոխանցումներ:

3

«Պրես Ստենդը», ունենալով մշտական հաճախորդների ստվար բանակ և հարյուրավոր գործընկերներ, միշտ պատրաստ է սպառողներին հարմարավետության նոր հնարավորություններ ընձեռել՝ ընդլայնելով իր ծառայությունների տեսականին: Ուրախ ենք, որ հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել մեր ավանդական ծառայություններից, այլև հոգալ իրենց ֆինանսական անհրաժեշտ գործառնությունների կատարումը: Այս ամենը հնարավոր դարձավ «Թել-Սելի» հետ ռազմավարական համագործակցությամբ»,- նշում է «Պրես Ստենդ» ՍՊԸ տնօրեն Էդգար Խանզադյանը՝ տեղեկացնելով, որ մինչև տարեվերջ Telcell տերմինալներ կտեղադրվեն արդեն 200 կրպակներում, իսկ մինչև 2019թ. գարուն՝ «Հայմամուլի» ամբողջ ցանցում:

«Մենք անընդհատ կատարելագործում ենք մեր ծառայությունները, որակի առումով հաճախորդների օրավուր աճող պահանջմունքներին հարիր: Բիզնես մշակույթի եւ կառավարման նորարարության թիրախը ժամանակի խնայումն է եւ առավել հարմարավետությունը, ինչի ապահովումն էլ Telcell- ի գործունեության ուղենիշն է: Իսկ այդ գործում հաջողելու գրավականը մեր հաճախորդների վստահությունն է, որը Telcell- ը վայելում է ավելի քան 11 տարի: Լինելով շուկայում նորարարության առաջատարը, Telcell- ը այս նոր նախաձեռնությամբ եւս մեկ քայլ է կատարում հաճախորդների վստահության ամրապնդման ուղղությամբ: Սա ուրախալի նորություն է նաեւ MyTelcell դրամապանակի օգտատերերի համար, ովքեր կարող են «Հայմամուլի» կրպակներում տեղադրված Telcell տերմինալների միջոցով նույնականացման գործընթաց անցնել եւ իրենց դրամապանակի գումարը արագ կանխիկացնել », — ասում է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը, հավաստիացնելով, որ շարունակաբար կավելանա Telcell համակարգին միացած, կանխիկ դրամ տրամադրող օպերատորների թիվը: