The Times պարբերականն անդրադարձել է վերջին ամիսներին Ռուսաստանում ծավալվող հոմոֆոբ զարգացումներին, ինչպես նաև նույնասեռականների հարցում Կրեմլի կողմից տարվող կրկնակի խաղին:
Ըստ The Times-ի, մի կողմից Ռուսաստանը ձգտում է Արևմուտքին հավաստիացնել, որ ընդունված օրենքը, որով արգելվում է նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում, խտրականություն չի մտցնում նույնասեռականների դեմ, սակայն միևնույն ժամանակ կառավարությունը զարկ է տալիս ԼԳԲՏ խմբերի դեմ քարոզչությանը ներքին լսարանի համար:
Որպես օրինակ նշվում է «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակված այն հաղորդումը, որում նույնասեռականների խմբերը ներկայացվել են որպես դրսից աջակցություն ստացող կազմակերպություններ, որոնք «տրոյական ձիու» առաքելություն ունեն և թույլ են տալիս վերահսկել Ռուսաստանը: Բացի այդ, երեխաների հարցերով գլխավոր հանձնակատար Պավել Աստախովը հայտարարություններից մեկում նշել է, որ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք աջակցում են նույնասեռականներին, պետք է անիծվեն հուր հավիտյան: