Araratnews.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի` ցանկանալով իմանալ դեղատներից դեղը հատով գնելու դեպքում դրա անվան, պիտանելիության ժամկետի և այլն մասին ինչպես կարող է տեղեկություն ստանալ, երբ չի հիշում` որ դեղատնից է այն ձեռք բերել:
Ինչպես գիտենք, դեղատներում շատ դեղեր վաճառվում են հատով և արդեն հասկանալի է` այս պարագայում հաճախորդը որևէ խնդիր ունենալիս հնարավորություն չի ունենա տվյալ դեղի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերել:
Այս մասին զրուցեցինք ՀՀ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանի հետ։ Նա նշեց, որ խնդրի հետ կապված նախարարի կողմից դեռևս հունիս-հուլիսին ամիսներին եղել է հստակ որոշում.
«Դեղերը, ինչպես միշտ հատով վաճառվել են, այդպես էլ վաճառվելու են, սակայն այս գործընթացն ավելի պատշաճ մակարդակով կազմակերպելու համար առողջապահության նախարարի հրամանով դեղատնից հատով դեղ բաց թողնելու դեպքում այն սրվակի, տուփի վրա, որի մեջ լցված է դեղը, պետք է գրվի դեղատան անվանումը, դեղի անունը, երկիրը, խմբաքանակը, պիտանելիության ժամկետը, բաց թողնված քանակն ու ամսաթիվը»,-ասաց Անահիտ Մկրտչյանն ու նկատեց` բոլոր դեղատները տեղեկացված են, որ կա նման հրաման ու պետք է հաճախորդին բոլոր այդ տվյալները տրամադրեն` հատով դեղ վաճառելու դեպքում: