տուն Լուրեր Թաղապետներ, որոնք կփոխվեն

Թաղապետներ, որոնք կփոխվեն

187
0

ere

Հունիսի 9-ին Երեւանի ավագանին կգումարի անդրանիկ նիստը: Քաղաքային իշխանությունները, Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, որոշել են որոշակի կադրային փոփոխություններ իրականացնել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` որոշ թաղապետներ առաջիկայում պաշտոնանկ կարվեն: Մասնավորապես, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ըստ տեղեկությունների, նշանակվելու է փոխքաղաքապետի պաշտոնում: Ջավադյանը համարվում է Տարոն Մարգարյանի «մարդը» եւ ավագանու այս ընտրություններում ակտիվորեն աշխատել է նրա  համար` ընտրական գործընթացներում ներգրավելով նաեւ թաղային հեղինակությունների: Իհարկե, Ջավադյանն այն անձանցից է, ով պնդում է, թե Ավանի միակ  թաղային հեղինակությունն ինքն է: Օրինակ` 2013-ի մարտին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Ջավադյանը  հայտարարել էր, որ Ավանի թաղային հեղինակությունն ինքն է:

Կադրային փոփոխություններ են նախատեսված նաեւ Կենտրոն վարչական շրջանում: Այս վարչական շրջանի ղեկավարը Արա Սադոյանն է, ով համարվում է  Գագիկ Բեգլարյանի թիմակիցներից: Տարոն Մարգարյանի համար գերխնդիր է դարձել ազատվել Բեգլարյանի մարդուց` առաջիկա 5 տարիներին Կենտրոն  վարչական շրջանն իր անմիջական վերահսկողության տակ պահելու համար:

Մեր ունեցած տեղեկություններով` պաշտոնանկ կարվի նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը: Վերջինիս այս պաշտոնում նշանակելու հիմնական պատճառն այն է, որ նա  Տարոն Մարգարյանի հոր՝ Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Թաղապետ Սարգսյանը, ով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրն  է, մեկ անգամ չէ, որ ուշագրավ պատմությունների կենտրոնում է հայտնվել:  Նախ` թաղապետ նշանակվելուց հետո ձեռնամուխ եղավ շքեղ առանձնատուն կառուցելուն, որի լուսանկարները Araratnews.am-ը հրապարակել էր դեռեւս 2014 թվականին: Իհարկե, թաղապետարանից շտապեցին հերքել սույն տեղեկությունները, ասելով, թե չար մարդիկ են նման լուրեր տարածում: Հետո արդեն մամուլում մեկ այլ աղմկահարույց տեղեկություն հրապարակվեց: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը ստիպում է վարչական շրջանի մանկապարտեզներին հաց գնել իրեն պատկանող հացի փռից: Թերթին մանկապարտեզներից մեկից հայտնել էին, որ Սարգսյանին պատկանող հացի փռի արտադրանքը անորակ է:

Այս աղմկոտ բացահայտումից հետո էլ Սարգսյանը շարունակեց «կառավարել» Շենգավիթը: Ի դեպ, տեղեկությունների համաձայն, Սարգսյանը ցանկացել է ամիսներ առաջ պաշտոնանկ լինել` իր փոխարեն թաղապետ նշանակելով եղբորորդուն՝ Գրիգոր Սարգսյանին՝ Գրիգին: Սակայն նրան արգելել են: Ըստ էության, Սարգսյանները որոշել էին կրկնել Սամվել Ալեքսանյանին: Վերջինիս ջանքերով, հիշեցնենք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվեց եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանը: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը մի քանի ամիս անթաղապետ մնաց, մինչեւ լրացավ Ալեքսանյանի 26 տարին:

Հայրերից՝ որդիներին կամ պաշտոնները մերձավորներին հանձնելու «մշակույթը» Հայաստանում վաղուց է զարգացած: Անգամ եթե այս կամ այն պաշտոնյայի որդին (հեռու իրենցից) տիեզերագնաց լինի, եթե նրան պետք է ոլորտի հետ կապ չունեցող համակարգում աշխատանքի տեղավորել, ապա իշխանությունը դրա անտրամաբանական բացատրությունը կգտնի:

Փայլակ Ֆահրադյան